Երկքաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ նաև ՀՀ-ում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 21, 2012 13:21

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ երկքաղաքացին ևս կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե նա հաշվառված է բնակչության գրանցման պետական ռեգիստրում:

Այսինքն, եթե երկքաղաքացին հաշվառված է և բնակվում է ՀՀ տարածքում, ապա ՀՀ քաղաքացուն հավասար իրավունք ունի դիմում ներկայացնելու իր տարածքային սոցիալական ապահովության բաժին և ստանալու կենսաթոշակ:

«Թյուրիմացությունից խուսափելու համար ուզում եմ տարբերակել երկրների երկու խումբ:

Առաջինը այն անձինք են, ում երկրորդ քաղաքացիությունը այն երկրներն են, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կենսաթոշակային ապահովության ոլորտում ստորագրել է միջպետական համաձայնագիր»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

Դրանք ԱՊՀ և Բալթյան երկրների երկքաղաքացիներն են, ովքեր հանդիսանալով Հայաստանի հետ կենսաթոշակային ապահովության ոլորտում միջպետական համաձայնագիր ստորագրած այլ երկրի քաղաքացի, չեն կարող կենսաթոշակ ստանալ միաժամանակ երկու երկրներից: Նրանք իրավունք ունեն դիմել և ստանալ կենսաթոշակ միայն այն պետությունից, որի տարածքում մշտապես բնակվում են:

«ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի երկքաղաքացիները, անկախ իրենց երկրում կենսաթոշակ ստանալու փաստից, կարող են նաև Հայաստանում դիմել իրենց գրանցման տարածքի սոցիալական ապահովության պետական ծառայություն և ստանալ պետության կողմից հատկացվող բազային կենսաթոշակ, քանի որ այդ երկրների Հայաստանի Հանրապետությունը չի կնքել միջպետական համաձայնագիր»,- նշեց Ս. Սաիյանը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել և գործում է 2012 թ.-ի մայիսի 5-ից, թույլ է տալիս նշված երկրորդ խմբի երկքաղաքացիներին դիմել տարածքային սոցիալական ապահովության պետական ծառայություն և ստանալ կենսաթոշակ:

Դժվար է ասել, թե օրենքում տեղ գտած փոփոխությունից քանի երկքաղաքացի է հասցրել օգտվել, քանի որ այս մասով դեռևս չկան վիճակագրական տվյալներ, բայց հիշեցնենք, որ մինչ այդ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիական մի շարք երկրների երկքաղաքացիները ևս կարող էին ՀՀ-ում կենսաթոշակի իրավունքից օգտվել, եթե այլ պետությունում կենսաթոշակ չէին ստանում:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply