Սպանությունը և բռնաբարությունն արդարացվում են, եթե…

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 16, 2010 12:16

1987թ. կանադացի Փեն Փարքսը խոր քնի ժամանակ դուրս եկավ տնից, նստեց ավտոմեքենա և 23 կմ անցնելով` կանգ առավ իր կնոջ ծնողների տան մոտ: Մտավ տուն, խեղդեց աներոջը և դանակի ծանր վնասվածքներ հասցրեց զոքանչին, ինչի հետևանքով վերջինս մահացավ: Բայց նա անմեղ ճանաչվեց, քանի որ գիշերաշրջության մեջ էր: Նույն պատճառաբանությամբ արդարացվեց ամերիկացի Յան Լյուդեքսը, որ բռնաբարել էր երիտասարդ կնոջ: Սիդնեյում էլ ամուսնացած կինը, գիշերները հեռանում էր տնից և սեռական հարաբերություններ ունենում անծանոթների հետ: Արթնանալով` նա ոչինչ չէր հիշում իր ինտիմ կապերի մասին: Պարզվեց, որ կինը տառապում էր լուսնոտության ծանր տեսակով:

Հայաստանում նման դեպքեր չեն գրանցվել: Լուսնոտների մասին վիճակագրական տվյալներ չկան և, սովորաբար, նրանք  քիչ են դիմում բժշկի օգնությանը` չուզենալով, որ շրջապատն իմանա իրենց գիշերային տարօրինակությունների մասին, քանի որ ցերեկը նրանք սովորական մարդիկ են  և ոչնչով չեն տարբերվում մյուսներից:

Գիշերաշրջությունը կամ լուսնոտությունը բավական տարածված երևույթ է: Աշխարհում մարդկանց 2-2.5 տոկոսը քայլում է քնած ժամանակ: Քայլելիս նրանց աչքերը կարող են լինել և’ բաց, և’ փակ, և երկու դեպքում էլ հեշտությամբ տեղաշարժվում են: Լուսնոտները կարող են շրջել բնակարանում, ուտել, հագնվել,  խոսել, դուրս գալ փողոց, նստել ավտոմեքենա, լողանալ և առավոտյան ոչինչ չհիշել իրենց գիշերային արկածների մասին:

Հոգեբան Դավիթ Գալստյանը պատմում է, որ ունեցել է 2 լուսնոտ հիվանդ: «Ինձ դիմել է 14-ամյա Լուսինեն, նրա լուսնոտությունը սկսվել է երկու տարեկանից: Գիշերները դուրս էր գալիս փողոց փակ աչքերով և չէր գիտակցում` ինչ է անում: Մի անգամ նույնիսկ մահից հազիվ է փրկվել: Բարեբախտաբար, ծնողներն իմացել են աղջկա գիշերաշրջության մասին, հսկել են և ավտոմեքենայի տակ ընկնելուց փրկել: Երբ զրուցում էի Լուսինեի հետ, նա տարօրինակ վարքագիծ էր դրսևորում. անընդհատ ծիծաղում էր, զգացվում էր, որ հոգեկան խախտում ունի, ինչն էլ նրա գիշերաշրջության պատճառներից էր: Մյուսը 34-ամյա Միքայելն էր, նրա դեպքում նույնպես լուսնոտությունը սկսվել էր մանկական տարիքից և հետագայում զարգացել: Միքայելը,  ինչպես և Լուսինեն, իր գիշերային ակտիվ կյանքի մասին իմացել էր ծնողներից, սակայն ոչինչ չէր կարող բացատրել: Նա դուրս էր գալիս պատշգամբ, քայլում բազրիքի վրայով, այսինքն` ձգտում դեպի վեր: Հոգեբանները  դեպի վեր գնալու ձգտումը կապում են մարդու սեռական անբավարարվածության հետ: Հաճախ երազներում թռչում ենք դեպի վեր: Սա ևս խոսում է սեռական անբավարարվածության մասին: Հետագայում պարզեցի, որ Միքայելի` դեպի վեր ձգտելու ցանկությունն իսկապես կապված էր դրա հետ, որը և դարձել էր նրա լուսնոտության պատճառներից մեկը»:

Հոգեբանական տարբեր մեթոդների և մեխանիզմների միջոցով կարելի է օգնել լուսնոտին, բայց ինչպես հոգեբանն է նշում, կարևորը հավատն է ու վստահությունը հոգեբանի նկատմամբ: «Ավելի հեշտ է օգնել երեխային, քան մեծահասակին, որովհետև երեխան ավելի շուտ է հավատում, քան մեծը: Հոգեբանական մեթոդներով կարողացել եմ օգնել Լուսինեին, և նա այժմ որևէ խնդիր չունի,   իսկ Միքայելը դեռ լավ չէ, նրա գիշերաշրջությունը  կրկնվում է ամիսը 2 անգամ պարբերականությամբ»:

Լուսնոտությունն ամենից շատ հանդիպում է երեխաների, հիմնականում` 4-8 տարեկան տղաների մոտ, բայց տարիքի հետ այն աստիճանաբար անցնում է. «Գիշերաշրջությունը  պարասոմնիա է, այսինքն`  քնի խանգարման տեսակներից մեկն է, որը հիմնականում առաջանում է մանկական տարիքում և ավարտվում է սեռահասունացման շրջանում` առավելագույնը 17-18 տարեկանում»,- ասում է Հանրապետական Էպիլեպտոլոգիայի կենտրոնի ղեկավար Գայանե Մելիքյանը:

Մեծահասակների մոտ լուսնոտությունը հիմնականում կապված է սթրեսների, նյարդային խանգարումների` հիսթերիայի, նևրոզների, լարվածության և հոգեբանական խնդիրների հետ: Լուսնոտության առաջացման պատճառներից մեկն էլ կարող է լինել ժառանգական նախատրամադրվածությունը, թեև ինչպես նշում է բժիշկը, դա դեռ հստակ պարզաբանված չէ: Ժամանակակից բժշկությունը չի ընդունում, որ լուսնոտության առաջացման պատճառ կարող է լինել լուսինը, սակայն նաև չի հերքում , քանի որ հենց լիալուսնի ժամանակ են լուսնոտները սկսում իրենց գիշերային ճամփորդությունները:

«Գիշերաշրջությունը քնի խանգարման տեսակներից է, որը կապված է քնի փուլերի ոչ կանոնավոր հերթագայությամբ: Թեթև և խորը քունը պետք է 4 անգամ իրար հաջորդեն, իսկ նրանց մոտ այդ հերթափոխումը խանգարվում  է:  Խորը քնի ժամանակ նրանք չեն ունենում այն ռեֆլեքսները, որոնք արթնացնում են մարդուն»,- նշում է բժիշկը:

Ընդ որում, լուսնոտներին չպետք է արթնացնել կամ խուճապ բարձրացնել, քանի որ նրանք կարող են հանկարծակիի գալուց վնաս պատճառել իրենց:  Եթե փորձենք խոսել լուսնոտի հետ, ապա  նա կարող է պատասխանել մեզ, բայց հնարավոր է, որ պարզապես չզգա մեր ներկայությունը: Անգիտակցական շարժումները տևում են մի քանի վայրկյանից մինչև 15 րոպե: Մեկ գիշերվա ընթացքում, որպես  կանոն, լուսնոտները մեկ անգամ են կատարում իրենց «զբոսանքը»:

Լուսնոտները կարող են վնաս պատճառել իրենց,  և այդ վտանգը կանխելու համար անհրաժեշտ է հսկել նրանց: Բժիշկն այնքան էլ ճիշտ չի համարում  լուսնոտի անկողնու մոտ թաց գորգ փռելու հին մեթոդը.  չարժե խանգարել նրա քունը, այլ հարկ է ուղղակի հսկել նրա գործողությունները:

«Լուսնոտությունը հազարավոր տարիների պատմություն ունի և համարվում է ամենահետաքրքիր և դեռ լիովին չուսումնասիրված հոգեկան հիվանդություններից մեկը: Լուսնոտության վերջնական վերացումը  դեռ անհնար է, չնայած  կան երկրներ, որոնք բավական մեծ հաջողությունների են հասել, մասնավորապես Իսպանիան,  Գերմանիան, Շվեյցարիան, Շվեդիան,  Բելառուսը, որտեղ լուսնոտությունը շատ տարածված է: Սակայն,  բուժվելուց հետո  կարող է նորից կրկնվել»,- ասում է հոգեբան Դավիթ Գալստյանը:

Հոգեբանի կարծիքով`  Հայաստանում լուսնոտության վերացումը հնարավոր է, եթե հոգեբանը գիտահետազոտական, լաբորատոր պայմաններ ունենա, զարգանա հոգեբան-հաճախորդ մշակույթը, որոնց դեպքում ավելի հեշտ կլինի պարզել պատճառները և օգնել հիվանդին:

Դիտվել է 2035 անգամ:
Print Friendly

Leave a Reply