Խեղման ենթարկվածները` փակուղու առաջ. մարդիկ մնացել են առանց հատուցման

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 21, 2012 13:18

Խորհրդային տարիներին գործող գործարանում խեղում ստացած մարդիկ այսօր կանգնած են փակուղու առջև: Գործարանը լուծարվել է, իրավահաջորդ չկա: Մարդը չգիտի` ում դիմի, ումից ստանա վնասի փոխհատուցում:

«Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ փաստաբանների պալատին կից գործող հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը:

Ըստ նրա` անվճար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով գրասենյակն ստանում է խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու գործեր: Սակայն գրասենյակի փաստաբաններն այդ գործերի հետքերով գնալով` կանգնել են փակուղու առաջ:

Մ. Ղազանչյանի խոսքով` խեղման ինստիտուտը հիմա շատ խճճված է: Խորհրդային տարիներին մարդն աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում որևէ գործող գործարանում ստացել է խեղում: Այնուհետև այդ գործարանը դադարել է գործել, լուծարվել է առանց իրավահաջորդի: Խորհրդային տարիներին եթե գործարանը իրավահաջորդ չէր ունենում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր վճարումներ կատարում: Այսօր սակայն, ըստ Մ. Ղազանչյանի` այդ հարցը բաց է մնացել:

Կար ժամանակ, որ երբ գործարանը իրավահաջորդ չէր ունենում` պետությունն էր հատուցումը կատարում: Հիմա այդ հատուցման մեխանիզմը վերացել է: Հարցը կարգավորող ՀՀ օրենսդրությունը փոփոխվել է. եթե գործարանը իրավահաջորդ չի ունենում, մարդիկ մնում են առանց հատուցման: Կառավարությունն այլևս իր միջոցների հաշվին հատուցում չի կատարում: Ստացվում է` մարդն ունի խեղման համար փոխհատուցում ստանալու իրավունք, բայց թե ումից պետք է ստանա այդ հատուցումը, պարզ չէ:

Հանրային պաշտպանի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն` պարզելու համար, թե որտեղ է թաքնված հարցի լուծումը: Այժմ գրասենյակը սպասում է պատասխանի:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply