Շահգելդյանն ու Սարգսյանը կզբաղվեն կուտակված ռազմավարական խնդիրներով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 15, 2010 15:06

Արմեն Երիցյան, Մանուկ Վարդանյան «Եվ Մհեր Շահգելդյանը և Գուրգեն Սարգսյանը վայելել ու վայելում են «Օրինաց  երկիր» կուսակցության աջակցությունը: Նրանց փոփոխությունը պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ նման քաղաքական գործիչները կուսակցությանն անհրաժեշտ են»,- ՕԵԿ-ական նախարարների փոփոխությունն այսօր այսկերպ մեկնաբանեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա ասաց, որ Գուրգեն Սարգսյանը կզբաղվի կուսակցության տնտեսական հարցերով, իսկ  Մհեր Շահգելդյանը՝ քաղաքական:

ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ «Օրինաց  երկիր»-ն՝ ինչպես ցանկացած քաղաքական ուժ, պատրաստվում է ընտրությունների, ու կուտակված ռազմավարական խնդիրներով Շահգելդյանն ու Սարգսյանը պիտի  զբաղվեն: Միևնույն ժամանակ Մարգարյանը նշեց, որ խոսքն արտահերթ ընտրությունների մասին չէ, քանի որ դրանց համար ոչ քաղաքական, ոչ հասարակական, ու ոչ էլ իրավական հիմքեր չկան:

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում ՕԵԿ-ն առաջադրել է ՀՀ նախագահի խորհրդական, նախկինում` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Մանուկ Վարդանյանի թեկնածությունը, իսկ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում` ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանին:

Ըստ Հովհաննես  Մարգարյանի՝ 2 թեկնածուներն էլ պրոֆեսիոնալ կադրեր են: Մարգարյանի խոսքերով՝ թե Երիցյանը ու թե Վարդանյանը եղել են անկուսակցական: «Սակայն թեկնածությունն առաջադրելուց հետո երկուսն էլ այլևս «Օրինաց  երկիր» կուսակցության անդամ են »,-հայտարարեց Մարգարյանը:

Դիտվել է 1795 անգամ:
Print Friendly

Leave a Reply