Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի նորանշանակ նախարարների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 16:49

Նոյեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:
Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով զրուցակցին կառավարության ձևավորման եւ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՆԳ նախարարին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր կերպով ընդունվեց նրա կողմից:
Զրույցի ընթացքում նախարարը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը, նշեց, որ Վրաստանի նորընտիր վարչապետի եւ կառավարության վարած քաղաքականությունն ուղղված է հայ-վրացական հարաբերությունների եւ միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:
Նախարարը դեսպանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցում սպասվելիք բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունները: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պայմանավորվածություններ ձեռք բերեցին արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների եւ ձեւերի մասին:
***
Նոյեմբերի 20-ին դեսպան Մանուկյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես` երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջև համագործակցության եւ երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանի տարածքում գտնվող հայկական դպրոցների ուսուցչական կազմին եւ աշակերտությանը հուզող, մասնավորապես` հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, ինչպես նաեւ երկլեզու ուսուցման հիմնախնդիրների հետ կապված բազմաբնույթ հարցեր:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply