Խոշտանգումների մասին բոլորը լռում են. Ավետիք Իշխանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 20, 2012 15:43

Ոստիկանական բաժանմունքներում նախաքննության ժամանակ վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին տուժողները երբեք ինքնակամ չեն խոսում: Լռում են նաև քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի արժանացած կալանավորները:

Այսօր ԱԺ-ում կազմակերպված Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության` ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտնեց, որ երկու վայրերում մոնիտորինգ իրականացնող խմբերն անցած տարի հարցումներ են կազմակերպել: Ովքեր եղել են ոստիկանության բաժանմունքներում` առանց բացառության պնդում էին, որ խոշտանգումները ուղեկցվել են ծեծերով՝ ոտքով, մահակով, այնպիսի մարդկանց կողմից, որոնց անունը չեն կարողանում տալ, որովհետև նրանք անընդհատ փոխվել են:

ՔԿՀ-ներում, ինչքան էլ վստահեն դիմացինին, կալանավորները չեն ասում, թե ինչ է կատարվում ներսում, քանի որ նրանց վախեցնում են՝ եթե բողոքես, ավելի վատ կլինի, և նրանք բողոքներ չեն ներկայացնում: «Ինչ իմացվել է, պատահաբար է իմացվել՝ քաղաքական բանտարկյալներից»,- ասաց Ա. Իշխանյանը:

Նրա խոսքով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գերծանրաբեռնվածությունը լուրջ խնդիր է, չկա օդափոխություն, և շատերը մահանում են դրա պատճառով:

Ըստ Իշխանյանի` երբ մեկ խցի համար ութ հոգուց ավելի է եղել մարդկանց թիվը, նրանց ուղղակի չպետք է ընդունեին ՔԿՀ, սակայն արդարադատության նախարարությունն ինքնուրույն մարմին չէ, և ՔԿՀ-ն թեև ենթակա է նրան, բայց ՔԿՀ ղեկավարին նշանակում է ՀՀ նախագահը:

Իշխանյանը առաջարկեց, որ ՔԿՀ պետին նշանակի արդարադատության նախարարը:

1in.am

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply