ՍԴ-ն քննության է առնում գոյություն չունեցող պետության մեռած օրենքները

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 20, 2012 15:34

Օգոստոսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննության առնել 1985 թ. ընդունված և մինչ օրս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ պարբերության և 262-րդ հոդվածի 2-րդ պարբերության համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը:

Այսօր Սահմանադրական դատարանում սկսվեց գործի դատաքննությունը: ՍԴ-ում որպես դիմող կողմի ներկայացուցիչ նշանակվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից Արամ Վարդևանյանը և Հայկ Աբգարյանը: Որպես պատասխանող կողմ ներգրավվել էր Ազգային ժողովը: Նիստում պատասխանող կողմի տեսակետը ներկայացնում էին ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Սվետա Համբարձումյանը և առաջատար մասնագետ Հասմիկ Սարդարյանը:

Դիմողը հիմնավորեց, որ նշված օրենքի դրույթները չեն կարող կիրառելի լինել, քանի որ պարունակում են այլևս գոյություն չունեցող պետության իրավական խնդիրների կարգավորումներ, որոնք շատ դեպքերում հակասում են անկախ Հայաստանի վերջին 20 տարիներին ընդունած օրենքներին, Սահմանադրությանն ու Միջազգային համաձայնագրերին:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, թե փաստորեն ՍԴ-ն այսօր ստիպված է քննության առնել արդեն 20 տարի գոյություն չունեցող պետության մեռած օրենքները:

ՍԴ նախագահի այն հարցին, թե ԱԺ-ում շրջանառության մեջ կա՞ արդյոք Վարչական իրավախախտումների մասին նոր օրենքի նախագիծ, ԱԺ ներկայացուցիչ Սվետա Համբարձումյանը պատասխանեց, որ օրենքի նախագիծ ոչ միայն շրջանառության մեջ, այլև սաղմնային փուլում առայժմ չկա:

Նոյեմբերի 19-ին Դատական դեպարտամենտից ՍԴ-ին ներկայացվել էր նախադեպային վերլուծություն, որի ուսումնասիրությունից ու փաստերի համադրումից հետո ՍԴ-ն կհրապարակի իր որոշումը: Նիստից այլ ուշագրավ դիպվածներ՝ հաջորդիվ:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply