Լեռնային Ղարաբաղում ՄԽ համանախագահների այցն Ադրբեջանի ստեղծած փակուղուց դուրս գալու քայլ են համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 20, 2012 10:43

Ադրբեջանի ապակառուցողական- ֆաշիստական քաղաքականության պատճառով Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը գրեթե մտել է փակուղի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ներկայում ստեղծվել է բավական յուրահատուկ իրավիճակ: Հետեւաբար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարելիք այցից Բաբայանն այս պահի դրությամբ որեւէ ակնկալիք չունի:

«Համանախագահների համար շատ կարեւոր է ներկայում այնպես անել, որ կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում պահպանվի: Դրա համար պետք է հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվի, լինեն տարբեր հանդիպումներ, որոնք, բնական է, որեւէ բեկում չեն մտցնում»,- ասաց նա: Այդուհանդերձ, կայանալիք այցը Բաբայանը կարեւորում է, քանի որ ներկա դրությամբ պետք է ինչ-որ ձեւով դուրս գալ ստեղծված փակուղուց: Վարչության պետի խոսքով` նման իրավիճակ չի եղել 1994 թվականից ի վեր, հետեւաբար` հարկավոր է նաեւ ջանքեր գործադրեն համանախագահները, որ իրավիճակն ինչ-որ ձեւով շտկվի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նոյեմբերի 23-ին կժամանեն Երեւան: Ծրագրվում է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում նոյեմբերի 26-ին կայցելեն Բաքու, հանդիպումներ կունենան այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բարենպաստ եղանակի դեպքում սպասվում է միջնորդների այցը նաեւ Ստեփանակերտ:

Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Որպես աշխատանքային առաջարկ` համանախագահները ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Ակնկալվում է, որ տարածաշրջան այցի ընթացքում միջնորդները կշարունակեն աշխատանքն առաջարկությունների ուղղությամբ:

Դիտվել է 637 անգամ:
Print Friendly

Leave a Reply