Սպանություն, ապա ինքնասպանություն. չհամակերպված ամուսնու արարքը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 15, 2010 10:55

Ձախից աջ` Մարինա և Գալինա Ալեքսանյաններ

Մամիկոնը նրանց ճանապարհը կտրեց հարևան շենքի բակում` ավտոտնակների դիմաց: Մայր ու աղջիկ` Մարինա և Գալինա Ալեքսանյանները, կարկամած կանգ առան: Մամիկոնը հրացանի փողն ուղղեց նախկին կնոջ`Մարինայի կողմն ու  սեղմեց ձգանը: Զոքանչը չհասցրեց փախչել. վախից ծնկները թուլացան, ընկավ նախկին փեսայի ոտքերն ու աղաչեց խնայել: Բայց Մամիկոնը նշան էր բռնել Գալինայի գլխին: Ու չխնայեց: Հետո փոքր-ինչ հեռացավ, ու լսվեց երրորդ կրակոցը: Մամիկոնն ինքնասպան էր եղել:

Դեպքը կատարվել է այս տարվա հունվարի 29-ին` օրը ցերեկով, Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բակում` ականատեսների ներկայությամբ: Ասում են` ոչ ոք չի համարձակվել մոտենալ զինված Մամիկոնին, որովհետև սպառնացել է, թե ով մոտենա` կսպանի:

Ոչ ոք այլևս չի իմանա, թե ինչն էր Մամիկոնի այս քայլի բուն շարժառիթը, իսկ ենթադրությունների ու դեպքի մանրամասների մասին «Անկախի» թղթակցին պատմեցին Մարինայի մոտիկ հարևանները:

Մարինան 38 տարեկան էր` սպիտակամաշկ, փարթամ մարմնաձևերով ու գեղեցիկ արտաքինով: Մամիկոնը 41 տարեկան, թուխ, բարձրահասակ ու թիկնեղ երիտասարդ էր: Նրանք ամուսնացած էին արդեն 10 տարի: Մինչև համատեղ կյանք սկսելը , երկուսն էլ արդեն ամուսնալուծվել էին ու նախկին կապից ունեին երկուական երեխա: Իրենց  ամուսնությունից  երեխա չունեին: Մամիկոնը կոշկակար էր. շենքերից մեկի բակում կոշկակարի կրպակ ուներ:

Մարինայի հարևանը պատմում է, որ նա Մամիկոնի հետ ամուսնացել է հակառակ ծնողների կամքին, ու այդ պատճառով  նրանք աղջկա հետ մոտ 1.5 տարի չեն խոսել: «Ամբողջ շրջապատն էլ ճանաչում էր Մամիկոնին,- ասաց նա,- ինքը վատ վարքի տեր մարդ էր ու աղջկերքի հետ սեր ուներ: Նույնիսկ իրենից  տարիքով մեծ կանանց հետ էր կապվել: Չհասկացանք, թե ոնց Մարինայի խելքը կերավ: Ախր,  քաղցր ու ճարտար լեզու ուներ, է»:

Հենց դա է եղել պատճառը, որ հետագայում, երբ ամուսնու հետ խնդիրներ են առաջացել, Մարինան չի համարձակվել պատմել ծնողներին կամ խնդրել նրանց օգնությունը: «Ասում էր` իմ ուզելով եմ գնացել, հիմի էլ պիտի քաշեմ»,- ասել է Մարինան մոտ հարևանին:

Մարինայի հարևանը պատմում է, որ նրանք ամուսնական 10 տարվա ընթացքում վարձով ապրել են կողքի շենքում, սակայն ամբողջ օրն անցկացրել են Մարինայի հայրական տանը: «Մարինան էրեխեքին էլ հետն էր բերել ու իրա հոր տանն էին մնում, բայց իրանց ծախսերը քաշում էր Մարինայի նախկին սկեսրայրը: Մարինան իր նախկին ամուսնու  բարեկամների հետ շատ լավ հարաբերություններ ուներ,- պատմում է Մարինայի հարևանը,- ուղղակի իրենք մարդ ու կնիկ չեն հասկացել, բաժանվել են: Սկեսրայրն էլ երկար տարիներ  էստեղ չէր, Արգենտինայում  էր,նրա  թոշակը Մարինան էր ստանում ու տան վարձը մուծում»:

Մամիկոնի մուտքի հարևաններն էլ պատմեցին, որ  Մամիկոնի երկու երեխաները թեպետ հոր ու նոր կնոջ   հետ չէին ապրում, բայց նույնպես լավ հարաբերություններ ունեին. «Մամիկոնի երեխաները Մարինային մամա էին ասում»:  Մամիկոնի ընտանիքն ապրում է Մարինայենց շենքի հարևանությամբ:

Մամիկոնենց մուտքի մի բնակիչ, որ չցանկացավ ներկայանալ ու դժկամությամբ ընդունեց «Անկախի» թղթակցին, ասաց, որ Մամիկոնն ու Մարինան սիրող ամուսիններ են եղել, և կատարվածը իրենց համար անհավատալի էր. «Մենք միշտ տեսել ենք, թե ոնց էր Մարինան Մամիկին դիմավորում,  թուշը պաչում: Մամիկը մեր աչքի առաջ մեծացած երեխա է եղել. մենք իրենից ոչ մի վատ բան չենք տեսել»: Մեկ ուրիշն էլ ավելացրեց, որ իր աչքին նրանք բավական անհամադրելի զույգ էին: Միշտ զարմանում էի, որ տեսնում էի, թե ոնց է Մարինան ամեն օր ուտելիք տանում Մամիկի համար: Կոշկակարի համար ինքը մի քիչ անհամապատասխան զույգ էր»:

Մամիկոնի մայրն ու Մարինայի հայրը չցանկացան խոսել կատարվածի մասին:  Մամիկոնի քույրը լացակումած միայն ասաց, որ դժբախտություն է կատարվել, ու իր սիրտը խոսել չի ցանկանում: Իսկ Մարինայի հորեղբայրն ասաց. «Նման բան նույնսիկ անասունը չէր անի. 10 տարի քո տան մեջ պահես, կերակրես, վերջում էլ սենց փոխհատուցի՞»:

Դեպքից մոտ 5 ամիս առաջ Մարինան բաժանվել էր Մամիկոնից: Մինչև բաժանվելը նրանք արդեն մի քանի տարի էր, ինչ անհաշտ էին, միշտ վիճում էին: Մարինայի հարևանը, ում հետ, որ նա միշտ կիսվում  էր, պատմում է, որ Մամիկոնը պարբերաբար ու դաժանորեն ծեծել  է Մարինային. «Ու ծեծելիս  էլ գլխին էր տալիս ու ընենց տեղեր էր խփում, որ կապուտները չերևան: Ամբողջ օրը մոտս լաց էր լինում, կսկծում, թե մամայիս ու պապայիս չասեք, թող չիմանան»:

Ըստ հարևանի` վեճերը հիմնականում խանդի հողի վրա  էին: «Կարող է մի տեղ քեֆի գնային, մեկը մի ուրիշ տեսակ նայած լիներ կնկանը, կգային տուն ու դրանից պատերազմ կսարքեր, թե դա ինչու՞  քեզ էդպես նայեց: Կամ մեկը զանգեր ձեռքի վրա` կռիվ էր անում, թե ո՞վ էր էդ զանգողը: Մարինային էլ չէր թողնում աշխատի»,- պատմում է Մարինայի հարևանը:

Հետո խանդից բացի վեճերում խառնվում է նաև ֆինանսական  գործոնը, որովհետև, հարևանների ասելով, Մամիկոնը այնքան էլ չէր սիրում աշխատել. «Մարինայի հոր տան հաշվին ապրում էր»:

Ինչպես ասում են, համբերության բաժակն էլ է մի օր լցվում:Ու մի անգամ, երբ ամուսինը  հերթական անգամ  գիշերով նրան ծեծում ու տնից դուրս է անում, Մարինան էլ հետ չի գնում ամուսնու  մոտ: Այդ հանգամանքը Մամիկոնը չի կարողանում «մարսել»:

«Ինքը մի ուրիշ տիպի տղամարդ էր: Մամիկը միշտ ինքն է աղջկերքի հետ ֆռռացել հետո թողել, ու իր տղամարդկային եսը չէր կարող ընդունել, որ իրա կնիկը իրեն թողեց,- պատմում է Մարինայի հարևանը, որ հակված է ենթադրելու, թե սպանության շարժառիթը բացարձակ հոգեբանական բնույթի էր,- 5 ամիս նա չհեռացավ էս թաղերից ու ամբողջ օրը դռներից ու լուսամուտներից կախված էր: Դուռը ջարդեց, գլազոկը վառեց, ամեն օր Մարինայի ճամփեն կկտրեր ու կվախեցներ, թե արի միանանք, էրեխեքիդ կասեմ, որ դու բոզ ես, էս ես, էն ես: Նույնիսկ  Մարինայի տղան, որ արդեն 17 տարեկան է, Մամիկին ասել էր` եթե մերս անբարոյական ա, ինչու՞ ես ուզում հետը ապրես»:

Մարինան չի ցանկացել դիմել իրավապահ մարմիններին, որովհետև  մտածել է, թե ժամանակի ընթացքում նախկին ամուսինը կմոռանա իրեն, հետո էլ մեկնաբանել է, որ չի ուզում վատություն անել: «Մամիկի մաման մեղք է»,- ասել է Մարինան:

Երբ այս Նոր տարվա գիշերը Մամիկոնի առջև դուռը չեն բացել, նա շատ ծանր է տարել: «Ես փալաս չեմ, որ ինձ ստեղ փալասի տեղ եք դնում: Էս հարցը սենց չի լուծվի, ստեղ արուն ա թափվելու»,- ասել էր Մամիկոնը:

Նոր տարվան հաջորդող 28 օրերի ընթացքում նա Մարինային բազմիցս սպառնացել է, որ սպանելու է նրան էլ, իրեն էլ. «Մորդ որ հաստատ եմ խփելու»,- ասել է Մամիկոնը:

Մարինայի հարևանն ասում է, որ Մամիկոնի կարծիքով,  Գալյան էր վճռորոշ դեր խաղացել, որ Մարինան էլ չէր ուզում միանալ ամուսնու հետ: «Այնինչ, Գալյան էլ չլիներ, մեկ է,  Մարինան արդեն որոշել էր, ասում էր, ոչ երեխա ունեմ իրենից, ոչ էլ կարգին աշխատում է, ինձ էլ ծեծում է, ինչի՞ս է պետք»:

Մարինան աշխատանք էր գտել տեղի փոստատանն ու արդեն 20 օր էր, ինչ աշխատում էր: Մայրն ամեն օր գնում էր նրան աշխատանքից  տուն բերելու: Իսկ Մամիկոնն այդ ընթացքում վաճառել էր կոշկակարի կրպակն ու էլ չէր աշխատում: «Էդ փողով էլ հրացան էր առել, որսորդական հրացան էր»,- լացակումած պատմում է Մարինայի հարևանը:

Հունվարի 29-ի առավոտյան Գալինան լավ տրամադրություն է ունեցել, աղջկան  աշխատանքից  տուն բերելուց առաջ ջրել է ծաղիկներն ու հիացել դրանցով: Իսկ Մարինան այդ գիշեր հարևանի հետ զրուցելիս  հռետորական հարց է տվել. «Կարո՞ղ ա` ինձ սպանի»:

Կրակոցի ձայները լսել են շենքի բոլոր հարևանները, սակայն ոչ մի կնոջ մոտ չեն թողել, իսկ դեպքի ականատես կինն  ուշագնաց է եղել: Մարինային ու նրա մորը թաղել են փակ դագաղներով:

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն «Անկախին» ասաց, որ  ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (սպանություն երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 235-րդ հոդվածով (ապօրինի զենքի կրում): Գործը դեռ կարճված չէ: Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply