Հայաստանում նկատվում է գայլերի թվի աճ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2012 16:28

Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի որոշակի աճ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, վերջին երեսուն տարիների ընթացքում գայլերի ոչնչացման համար պարգևատրման մեխանիզմներ չեն կիրառվել, և այդ գործընթացի բացակայությունը հանգեցրել է այդ գիշատիչների թվաքանակի աճին: Գայլերի թվաքանակի ավելացումն առաջ է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարիներին արձանագրվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ 2012 թվականին ներկայացվել է 179 գայլի մորթի է գրեթե բոլոր մարզերից, առավել աչքի են ընկել Արագածոտնի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն` 2012թվականի համար թույլատրվում է խփել 200 գայլ, մինչ տարեվերջ նախատեսվում է ընդունել եւս 21 գայլի մորթի: Կառավարության որոշման համաձայն` 2011 թվականից ոչնչացված գայլերի դիմաց սահմանվել է պարգևատրման չափ` յուրաքանչյուր գլխի համար 100 000 դրամ: Բնապահպանները, սակայն, գայլերի նման որսն անվանում են բարբարոսական: «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանի խոսքով` որսաշրջանի ընթացքում գայլերի որոշակի քանակ որսալը խելամիտ է: Այնուհանդերձ, բնապահպանը քննադատում է Ոստիկանության այն որոշումը, որով օրինականացվում է գյուղացիների զենքերը` գիշատիչ կենդանիների դեմ պայքարելու համար:

Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է հանձնվել օրինական ձեւակերպում ստացած 65 հրացան: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք գյուղական համայնքների հետ ավելի վաղ հանդիպման ժամանակ նշել էր, որ գյուղացու ունեցվածքը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու խնդիրը նաեւ Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է, եւ նա ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը:

«Ես նամակ եմ պատրաստվում գրել ոստիկանապետին, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի այդ որոշումը: Կան բազմաթիվ այլ տարբերակներ: Նախ եւ առաջ պետք է ուսումնասիրել գայլերի պոպուլյացիաները եւ պարզել, թե ինչու է նրանց կերը քչացել»,-ասաց Ադամյանը: Հայ բնապահպաններն ուսումնասիրել են արտասահմանյան փորձը եւ եկել եզրահանգման. «Նույն հրացանների մեթոդը կիրառել է նաեւ Գերմանիայում, եւ հենց այդ պատճառով էլ այնտեղ գայլ չի մնացել»:

Գայլերի թիվը հանրապետության տարածքում, մոտավոր հաշվարկներով, կազմում է 1500-1700 գլուխ: Գայլերի որսը կարող են իրականացնել ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն որսորդական վկայական, հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական: Գայլերի որսն իրականացնող անձիք գրանցվում են բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովում: Որսած գայլերի դիմաց սահմանված պարգևատրման գումարները տրամադրվում են վերը նշված պայմանների համաձայն, ինչպես նաև` գայլի մորթին հանձնաժողովին ներկայացնելու դեպքում:

Գայլերի դեմ պայքարի ակտիվացումը պայմանավորված է այդ գիշատիչ կենդանու թվի աճով: Վերջին ժամանակներում հանրապետության տարբեր համայնքներում ավելացել են գայլերի հարձակումների դեպքերը` ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա:

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply