Քրեական գործ` օտարերկրացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրության համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 19, 2012 16:19

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող` Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. իրականացրել է ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն` առանց համապատասխան պետական գրանցման:

Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նշելով, որ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ:

Ըստ նույն աղբյուրի՝ աշխատանքների իրականացմանը ներգրավվել են շուրջ հարյուր օտարերկրյա, մասնավորապես` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ՀՀ տարածքում բնակվել և աշխատել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով:

Ապօրինի ձեռնարկատիրության և օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply