Դեսպան Գասպարյանի այցը Թիրգու Օկնա

Պաշտոնական, Օրվա լուր | | November 19, 2012 15:19

Նոյեմբերի 17-18-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Բակաու նահանգի Թիրգու Օկնա քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Շտեֆան Սիլոկիի հետ: Նոյեմբերի 18-ին քաղաքային խորհրդի անդամների հետ ընդլայնված հանդիպմանը մասնակցեցին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաեւ Ռումինիայի պաշտպանության նախարարի տեղակալ, պետքարտուղար Դան Տատարուն:

Հանդիպման ընթացքում, խոսելով այդ տարածքներում, մասնավորապես` Թիրգու Օկնայում, հայերի պատմական ներկայության եւ տեղական կյանքի տարբեր ոլորտներում նրանց նշանակալի ներդրման մասին, քաղաքապետը եւ հայ համայնքի ղեկավարները պայմանավորվեցին համատեղ ուժերով նոր շունչ հաղորդել հայկական կյանքին, խնամք տանել տեղի հայկական եկեղեցու եւ հիշատակի այլ վայրերի նկատմամբ: Դեսպան Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի եւ Ռումինիայի քաղաքների միջեւ ծայր առած համագործակցությունը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի խորացման համար:

Այնուհետեւ նեղ կազմով հաջորդած քննարկմանը դեսպան Գասպարյանի եւ քաղաքապետ Սիլոկիի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Թիրգու Օկնայի եւ հայկական մի բնակավայրի միջեւ գործընկերական կապ հաստատելու ուղղությամբ:

Հայկական եկեղեցում մատուցված պատարագից հետո հայ եւ ռումին պաշտոնյաները` տեղի հասարակության եւ Ռումինիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի հետ միասին, այցելեցին Թիրգու Օկնայի եղբայրական գերեզմանատուն եւ հարգանքի տուրք մատուցեցին ֆաշիզմի դեմ պայքարում զոհված մարտիկների, այդ թվում նաեւ հայ զինվորի հիշատակին:

Նախորդ օրը երեկոյան Ռումինիայի Հայոց թեմի ձեռնարկած ռումինահայերի պարբերական հավաքի շրջանակներում, Թիրգու Օկնայում ներկայացվել էին Ֆլորին Սիմիոն Էգների եւ Վիորիկա Պոպայի եռահատոր գրքույկները` նվիրված ռումինահայ հնագույն համայնքներից մեկի` Բոտոշանի, հայության եւ հայկական հաստատությունների պատմությանը:

Տեղեկանք: Թիրգու Օկնան գտնվում է Ռումինիայի Մոլդովա շրջանի Բակաու նահանգում: Ունի մոտ 13.5 հազ. բնակիչ: Այն Ռումինիայի աղի արդյունահանման կենտրոններից է, ազգային նշանակության զբոսաշրջային եւ առողջարանային վայր` իր բարենպաստ կլիմայական պայմանների, հանքային ջրերի, գեղատեսիլ բնության եւ պատմական հուշարձանների շնորհիվ:

18-րդ դարի վերջին Թիրգու Օկնայում գոյություն ուներ ազդեցիկ հայ համայնք, որի շառավիղներն ապրում են նաեւ այսօր: Տեղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մոտ 1765թ. եւ վերակառուցվել 1820-1825թթ.:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply