3 մահ և ձգձգում անորոշ ժամանակով

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 19, 2012 10:09

Շուրջ մեկ տարի է՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նշան Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել միանգամից երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասի և 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշան Գևորգյանը մեղադրվում է իր ղեկավարած բուժհաստատությունում բուժօգնությունը և սպասարկումը ոչ պատշաճ կազմակերպելու հետևանքով երկու երեխաների և մեկ տղամարդու մահվան մեջ:
Մասնավորապես, 2010 թ. դեկտեմբերի 5-ին «Արմավիր բժշկական կենտրոն» տեղափոխվելու ճանապարհին մահացել է Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյան:

Ըստ մեղադրանքի՝ մինչ այդ Վ. Խլղաթյանի հարազատները զանգահարել են «Արմավիր ԲԿ» շտապօգնության ծառայություն, սակայն կայանի աշխատակիցները բենզին չունենալու պատճառով չեն մեկնել կանչի հասցեով: Վ. Խլղաթյան հարազատները ստիպված են եղել իրենց սեփական մեքենայով նրան հասցնել Արմավիրի հիվանդանոց, սակայն ճանապարհին Խլղաթյան մահացել է:

Հետագայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ն. Գևորգյանի ցուցումով հերթապահ մեքենաներին տրամադրվել է օրական 5 լ բենզին, որը մշտապես դարձել է բուժանձնակազմի բողոքի պատճառ, իսկ տնօրենը ոչ միայն չի արձագանքել, այլ շտապօգնության աշխատակիցներից բանավոր պահանջել է չսպասարկել գյուղական բնակավայրերից ստացվող կանչերը:

Չնայած դրան, հետագայում պարզվել է նաև, որ Վ. Խլղաթյան մահվան դեպքի ժամանակ կայանի շտապօգնության բժշկական կենտրոնի պահեստում և մեխանիկի մոտ եղել են 1500 լիտր բենզինի կտրոններ:

Ավելի վաղ՝ 2010 թ. հուլիսի 17-ին, «Արմավիր»-ի հիվանդանոց ընդունվելուց ընդամենը 4 ժամ անց մահացել էր Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ 1 տարեկան 4 ամսական Հովհաննես Հովհաննիսյանը:

Փոքրիկը հիվանդանոց է ընդունվել «գանգուղեղային տրամվայից հետո զարգացած ճակատային և քունքային հեմատոմաներ» ախտորոշմամբ: «Արմավիր ԲԿ»-ում երեխային վիրահատել են, բայց մի քանի ժամ անց նրա վիճակը կտրուկ վատացել է: Երեխայի կյանքը փրկելու համար հիվանդանոցի բուժանձնակազմը որոշում է կայացրել նրան տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մանկաբուժական ռեանիմացիոն բրիգադա հրավիրելու փոխարեն, Հովհաննեսին որոշում են մայրաքաղաքի հիվանդանոց տեղափոխել տաքսիով, երեխան ճանապարհին մահանում է:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երեխան մահացել է «Արմավիր ԲԿ»-ում մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Սակայն այսքանով չի ավարտվում «Արմավիր ԲԿ» -ում գրանցված դժբախտ դեպքերի շարքը: 2011 թ. հունվարի 1-ի երեկոյան ժամը 22:30-ին հերթական անգամ չի հաջողվում փրկել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի 4-ամյա բնակիչ Արտաշես Սեդրակյանի կյանքը: Նա մահանում է «Արմավիր ԲԿ» մանկական բաժանմունք ընդունվելուց և մեկ օր հետո կլինիկական մահվան վիճակում Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց տեղափոխելուց հետո 4 օր անգիտակից վիճակում մնալուց հետո:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ երեխան մահացել է «Արմավիր ԲԿ» մանկական բաժանմունքի բժիշկների կողմից թույլ տրված մասնագիտական սխալների պատճառով:

Ըստ մեղադրանքի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած Արմավիրի բուժհաստատության բժիշկները տնօրեն Ն. Գևորգյանից բազմիցս պահանջել են միջոցներ ձեռնարկել բուժհաստատությունն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով զինել, սակայն նա անտեսել է բժիշկների արդարացի պահանջը:

Նրան մեղադրանք է առաջադրված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման՝ իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ, որը դարձել է երկու փոքրիկի և մեկ տղամարդու մահվան պատճառ:

Գործն ուղարկվել է դատարան, իսկ դատաքննությունն արդեն մեկ տարի է՝ ձգձգվում է Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որը, ի դեպ, հանգամանորեն չի շտապում տնօրենի մեղավորության կամ անմեղության հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնել. այս գործով վերջին նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին և հետաձգվել անորոշ ժամանակով:

Ցավոք, սա մահվան ելքով ուղեկցված միակ դեպքի վերաբերյալ միակ գործը չէ…

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply