Թուրքիայում ավարտվել է զանգվածային հացադուլը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2012 9:35
Երեկ Թուրքիայում վերջապես ավարտվել է 67 օր տևած հացադուլը, որին մասնակցում էին երկրի բանտերում գտնվող հարյուրավոր քուրդ բանտարկյալներ: Նրանք պահանջում էին, որպեսզի PKK–ի առաջնորդ Աբդուլահ Օջալանին, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, թույլ տան հանդիպել փաստաբանների հետ:
Ինչպես հաղորդում են թուրքական շատ լրատվամիջոցներ և մասնավորապես «Zaman»-ը`շաբաթ օրը Աբդուլահ Օջալանի եղբայրը`Մեհմեդ Օջալանը, հատուկ թույլտվությամբ կարողացել է հանդիպել Ստամբուլի Իմրալը կղզու բանտում գտնվող եղբոր հետ: Հանդիպման ժամանակ Աբդուլահ Օջալանը կարգադրել է. «Առանց տատանվելու րոպե առաջ թող վերջ տան հացադուլին»:
Նա նշել է, որ ճիշտ չէ համարում, որ հարց լուծելու համար մարդիկ հացադուլի են դիմել: «Եթե նույնիսկ հացադուլ են հայտարարում, ապա դա ոչ թե պետք է բանտարկյալները անեն, այլ ազատության մեջ գտնվողները: Թող նրանք այդ խնդիրը չբարդեն արդեն իսկ ծանր պայմաններում և չորս պատի մեջ գտնվող բանտարկյալների վրա»:
Աբդուլահ Օջալանի այս կոչը տարածվել է հացադուլի մեջ գտնվող բանտարկյալների շրջանում: Առաջինը հացադուլին վերջ են տվել Իզմիրի Բուջա և Նոլու կոչվող բանտերի 520 ձերբակալված և դատապարտյալ: Նրանք հանդիպել են փաստաբանների հետ, ապա բժշկական զննում անցել, որի արդյունքում արձանագրվել է, որ շատերը հիվանդանոցային բուժման կարիք ունեն: Իզմիրի օրինակին հետևել են Դիրարբեքիրի, Վանի և մի շարք այլ քաղաքների բանտարկյալները:






Facebook
Tweet This
Email This Post
