Սիրիայի ու Հայաստանի նախագահներն անդրադարձել են նաև հայ-թուքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2009 22:04

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Սերժ Սարգսյան Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը` տիկնոջ Ասմա ալ Ասադի հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նախագահները խոսել են հայ-թուրքական հարաբերություններից, Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը, իսկ Բաշար ալ Ասադը` մերձավորարևելյան խաղաղության գործընթացը:

«Սիրիայում մեծ գոհունակությամբ են ընդունվել հայթուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերը: Մենք պատրաստ ենք օգնել, որ այդ հարաբերություններն առաջ շարժվեն»,-հայտարարել է Բաշար ալ Ադասը` ՀՀ նախագահի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

Նա Սիրիայի պատրաստակամությունը բացատրել է այն հանգամանքով, որ սերտ հարաբերություններ գոյություն ունեն մի կողմից` Սիրիայի և Հայաստանի միջև, մյուս կողմից` Սիրիայի և Թուրքիայի միջև:

Անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը` Ասադն ասել է, որ հարցը շատ խրթին է, և իրենք ցանկանում են, որ այն ավելի չբարդանա: «Մերձավոր Արևելքում մեր փորձից ելնելով` տեսնում ենք, որ որքան հարցը բարդանում է, լուծումն ավելի դժվար է գտնվում»,-ասել է նա:

Ասադը նշել է, որ հաջորդ ամիս պատրաստվում է պաշտոնական այցով լինել նաև Ադրբեջանում:

Սիրիայի նախագահը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ. զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա է փոխադարձ անկեղծ համակրանք, որն ամրապնդում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները:

Նախագահ Ասադը բարձր է գնահատել սիրիահայ համայնքի դերակատարումը ինչպես իրենց երկրի կյանքում, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացման գործում: Կողմերը համաձայնել են, որ հայսիրիական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ իրացնելու գործում յուրահատուկ ներդրում կարող են կատարել երկու երկրների խորհրդարանականները:

Զրույցի ընթացքում Աբրահամյանն ու նախագահ Ասադը նաև քննարկել են հայթուրքական և սիրիաթուրքական հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների կայունությանն ու անվտանգությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ասադն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան, որտեղ Սիրիայի նախագահին նվիրաբերել են հայկական հին ձեռագրի կրկնատիպը: Իսկ նախագահի տիկին Ասմա ալ Ասադը Ռիտա Սարգսյանի հետ հյուրընկալվել է «Զատիկ» մանկատանը:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply