ՀՌԱՀ-ը կօժանդակի հանրային խորհրդի նախաձեռնությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 12, 2010 16:13

Հովհաննես Հովհաննիսյան «Մեր հեռուստաեթերում օրվա մի կեսը երգում են, մյուս կեսը՝ պատմում, թե ինչպես երգեցին»,- այս կերպ ներկայացրեց հայաստանյան հեռուստաեթերը նախագահին կից հանրային խորհրդի անդամ Հովհհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Նա ասաց, որ պետական մարմինները հեռուստաեթերի խնդիրներին արձագանքել են՝ օրենքում փոփոխություններ առաջարկելու ճանապարհն ընտրելով, ինչպես նաև՝ ՀՌԱՀ-ի կողմից չափորոշինչեր սահմանելով: Մինչդեռ իրավական դաշտում լուծումներից բացի, ըստ Հովհհաննիսյանի՝ լրագրողական դաշտում, հեռուստա-ռադիոեթերում մասնագիտական էթիկայի հռչակագրի բաց կա, որի նախագիծն էլ առաջարկում են քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը, Հանրային խորհրդում ձևավորված մշտական հանձնախումբը:

Նախագիծն արդեն ներկայացվել է լրագրողների դատին, իսկ մինչ այդ քննարկվել էր Հանրային խորհրդի շրջանակներում գործող՝ 45 լրատվամիջոցների ներկայացվածությամբ հանձնաժողովում, ինչպես նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Հովհհանիսյանի խոսքերով՝ հռչակագրում փորձել են արտացոլել հանրության շրջանակներում առկա մտահոգությունները: Դրանք են լեզվի մաքրության, քերականապես մաքուր խոսքի, երիտասարդ սերնդի դաստիարակության, ազգային, մշակութային բարձր արժեքների ոգով հասարակական կարծիքի ձևավորման, ազգային, պետական հիմնարարա արժեքների քարոզչության ու դրանց նկատմամբ գորովալից վերաբերմունքի խնդիրների, լրագրողական դաշտում ինքնապահպանման, փոխադարձ աջակցության խնդիրները: Հովհաննիսյանի խոսքով՝ ոչ միայն եթերային խոսքի թերություններին է պետք անդրադառնալ, այլև՝ մտքի թերություններին:

ՀԽ-ն նաև առաջարկել է ձևավորել ակտիվ գործող մշտադիտարկման խորհուրդ, ոը մոնիթորինգի կենթարկի հեռուստաեթերը ու այդ դիտարկումների հիման վրա էլ ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովին առաջարկի համապատասխան անվանակարգերում թեկնածուներ: Ինչ վերաբերում է հենց ազգային մրցանակաբաշխությանը, ապա, ըստ Հովհաննիսյանի, դրա ներկայացման մեխանիզմը դեռ մշակման փուլում է. «Գաղափարը ինքնին դրական է, սակայն մեխանիզմները, թե ինչպես կներկայացվեն թեկնածուները, ինչպիսի անվանակարգեր կսահմանվեն ու ինչպես կորոշվեն լավագույնները, կառուցակարգեր են, որոնց վերաբերյալ ակնկալվում են լրատվական միջոցների առաջարկությունները»,-ասաց Հանրային խորհրդի անդամը:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն էլ ՝ ողջունելով Հանրային խորհրդի այս նախաձեռնությունները, ասաց, որ ոլորտի կարգավորումը ենթադրում է առնվազն 3 բաղադրիչ՝ պետական միջամտություն, ինքնակարգավորում և հանրային կառույցների կողմից կարգավորում ու լծակներ:

«Այս առումով Հանրային խորհրդի նախաձեռնությունը լուծում է 2 բացակայող բաղադրիչի ստեղծման խնդիրը ու շատ լուրջ նախապայման է՝ դաշտում որակական արդյունքի հասնելու համար»,-ասաց Ամալյանը՝ հավելելով, որ ՀՌԱՀ-ը իր գործունեության մանդատի սահմաններում պատրաստ է օժանդակել ՀԽ-ի այս 2 նախաձեռնություններին:

Դիտվել է 2092 անգամ:
Print Friendly

Leave a Reply