Խուճուճ որոշումներից շահում է պետությունը, տուժում են անօթևանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 15:16

Օրեր առաջ «Pastinfo.am»-ը «400 անօթևան ընտանիք բնակարան չի ստացել կառավարության որոշման պատճառով» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որում «Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանը մասնավորապես նշել էր, որ 2008-ին ընդունված N 1337 և 1999-ին ընդունված N432 կառավարության որոշումները շատ խիստ են, այդ պատճառով անօթևան շատ ընտանիքներ զրկվում են բնակարան ստանալու իրավունքից:

«Pastinfo.am»-ի թղթակիցը Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ իրավաբան Արթուր Հարությունյանից հետաքրքրվեց, թե վերոնշյալ որոշումներն ինչով են խոչընդոտում անօթևան ընտանիքների բնակարան սրանալուն:

«Այս երկու որոշումների առումով իրավիճակը խճճված է, կարելի է ասել պետությունը փորձել է ինչ-որ ձևով խույս տալ իր պարտավորությունների կատարումից»,- նշեց Ա. Հարությունյանը, ընդգծելով, որ նշված երկու որոշումներով էլ համայնքի ղեկավարների կողմից հերթացուցակի հաստատման վերջնաժամկետ է սահմանվել. քաղաքային համայնքներում՝ 2008 թ. նոյեբերի 1-ը, գյուղական համայնքներում` 2008 թ. դեկտեմբերի 15-ը:

Քաղաքացին մինչ վերջնաժամկետը դիմում է ներկայացրել, որ ինչ-ինչ պատճառներով չի կարողացել պահանջվող փաստաթուղթը ներկայացնել: Սա մերժման հիմք չի հանդիսանում: Մինչդեռ երբ անձն իր փաստաթղթերը ներկայացրել է դեկտեմբերի 16-ին, համայնքի ղեկավարն ասել է, որ իրավունք չունի նրան ընդգրկել հերթացուցակում: «Ստացվում է` համայնքի ղեկավարը համաձայն է, որ այդ ընտանիքը ծրագրի շահառու է համարվում, անօթևան է, կորցրել է բնակարանը, քաղաքաշինության նախարարությունն էլ է դա ընդունում, բայց առանց դատական կարգի քաղաքացու խնդիրը կարգավորել, նրան հերթացուցակում ընդգրկել չի հաջողվում:

«Բոլորին ակնհայտ է, որ քաղաքացին պետք է ընդգրկվեր հերթացուցակում, բայց ձևական առումով դատական գործ է սկսվում ու մեկուկես տարի տևում»,- նշեց իրավապաշտպան Ա. Հարությունյանը:

Որոշմամբ սահմանված է նաև, որ եթե անձը գյուղական համայնքներում 2004 թ. հունվարի 1-ից հետո օտարել է բնակարան, զրկվում է բնակարան ստանալու իրավունքից: «Ստացվում է` եթե անձը բնակարանը վաճառեր 2003 թ. դեկտեմբերի 29-ին, չէր զրկվի բնակարան ստանալու իրավունքից: Քաղաքային համայնքին վերաբերող որոշման մեջ մերժման հիմքը չկա: Բայց պրակտիկայում միայն ես 30 գործ գիտեմ, որոնց դեպքում ընտանիքները մերժվել են հենց այդ հիմքով»,- նշեց իրավապաշտպանը:

Անօթևան ընտանիքներին բնակարան ստանալու իրավունքից զրկելու իրավական հաջորդ խնդիրը, Ա. Հարությունյանի խոսքով, առնչվում է որոշումներում գյուղական համայնքների մասով 2009-ին կատարված փոփոխություններին:

Փոփոխությամբ ավելացել է մեկ տող` բնակարան ստանալու իրավունք ունի նաև աղետի գոտու այլ բնակավայրից տվյալ բնակավայր տեղափոխված ընտանիքը: «Ենթադրենք Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետևանքով դարձել է անօթևան, տեղափոխվել է Սարամեջ գյուղական համայնք, որ էլի աղետի գոտում է: Ստացվում է` այդ փոփոխությամբ Սարամեջ համայնքում անձն իրավունք ունի օգտվել պետական ծրագրից: Բայց դրան հակադարձում է մինչ այդ համայնքի ղեկավարի կողմից որոշում կայացնելու իրավասության ժամկետը, որը սահմանված է 2008-ի դեկտեմբերի 15-ին:

Ես ունեմ գործ, երբ քաղաքացին բանավոր հարցրել է համայնքի ղեկավարին` կարող է ինքն ընդգրկվել հերթացուցակում: Համայնքի ղեկավարն էլ պատասխանել է` ոչ, իրավունք չունես, քանի որ մեր համայնքում չես կորցրել բնակարանդ: Այսինքն քաղաքացուց գրավոր փաստաթուղթ չի ընդունել: 2009-ին որոշման մեջ կատարված փոփոխությունից հետո անձը դիմում է համայնքի ղեկավարին, որպեսզի փոփոխության հիման վրա նրան հաշվառի հերթացուցակում, բայց այս դեպքում էլ դա անել հնարավոր չէ, քանի որ նույն որոշման համաձայն` համայնքի ղեկավարն իրավունք չունի նոր որոշում կայացնելու»:

Փաստորեն, ըստ իրավապաշտպանի, ստացում է, որ քանի ընտանիք դուրս մնա այս երկու որոշումներում առկա բացերի արդյունքում, այդքան պետությունը շահած դուրս կգա, այդքան բնակարան քիչ կկառուցվի:

«Փաստինֆո»

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply