Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ահազանգում է

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 17, 2012 14:28

«2013-ից քաղաքացիական գործերի մեծ հոսք է գրանցվելու։ Ես խիստ կասկածում եմ, որ մեկ մարզում կամ տարածաշրջանում մեկուսացված հանրային մեկ պաշտպանը կկարողանա հավասարաչափ օգնություն ցույց տալ և՛ քաղաքացիական, և՛ քրեական գործերով»,- «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը:

«Pastinfo.am»-ն արդեն անդրադարձել է այն հարցին, որ 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որով կընդլայնվի հանրային պաշտպանի ծառայությունների ցանկը: 2013-ից անվճար իրավաբանական օգնություն կստանան նաև սոցիալապես անապահով խմբերը, հաշմանդամները, միայնակ թոշակառուները, ծնողազուրկ երեխաները և այլք:

Ըստ Մասիս Ղազանչյանի` թեև այս տարվա սեպտեմբերից հանրային պաշտպանների թիվն ավելացել է 18-ով (նախկին 36–ի փոխարեն այսօր աշխատում է 54 փաստաբան, ովքեր բաշխված են մարզերի և մայրաքաղաքի միջև), սակայն ավելացված հաստիքների քանակն էլի չի բավարարի պատշաճ ժամկետները պահպանելու և բարձր որակ ապահովելու համար:

«Օրինակ, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում կադրերի խնդիր ունենք: Իսկ Մեղրու տարածաշրջանում մինչև հիմա ոչ միայն հանրային պաշտպան, այլ ընդհանրապես փաստաբան չկա: Մեղրիում չկա բնակիչ, որ իրավաբանական կրթություն ունենա ու գա քննություն հանձնի, դառնա փաստաբան: Երևանից չեն գնում այնտեղ աշխատելու, մյուս մարզերն էլ իրենք են կաղում մասնագետների առումով»,- նշեց Ղազանչյանը, ավելացնելով, որ մարզերում հանրային պաշտպանների համար դժվար լուծելի խնդիրներից մեկն ամբողջ մարզի տարածքով նրանց տեղաշարժի հարցն է:

«Կապանի փաստաբանը փորձում է անվճար իրավաբանական օգնությամբ ապահովել Մեղրիի տարածաշրջանի բնակիչներին, բայց ամեն հարցով նա չի կարող հասնել Մեղրի, Մեղրիի բնակիչներն էլ ամեն հարցով չեն կարող հասնել Կապան: Տվյալ տարածաշրջանում պետք է գրասենյակ լինի, որը քաղաքացիների ընդունելություն կկազմակերպի»,- նշեց Մ. Ղազանչյանը:

Նրա խոսքով՝ կադրերի բացակայության պատճառով չեն կարողանում փաստաբան նշանակել մրցութային կարգով. «Կամ պետք է այդ տարածաշրջանը թողնենք առանց պաշտպանի, կամ ստիպված հարմարվենք ոչ մրցակցային դաշտով առաջադրված ու նշանակված փաստաբանին, քանի որ որոշ մարզերում ընտրության հնարավորություն չունենք»:

Ըստ նրա` բացի նրանից, որ չկան համապատասխան իրավաբան-կադրեր, մարզերում ոչ թե ցածր, այլ ընդհանրապես բացակայում է բնակչության իրավագիտակցությունը:

«Փաստինֆո»

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply