Նորություն ՀՀ ոստիկանության ծառայողների և ոստիկանությունում ծառայության անցնողների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 13:58

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների հոգեֆիզիոլոգիական հետազոտության՝ ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունն ստուգելու նպատակով թեստավորում անցնելու կարգը:
Մասնավորապես սահմանվում է, որ ոստիկանությունում ծառայողներն ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածության ստուգման նպատակով թեստավորում անցնում են՝
– ռազմաբժշկական փորձաքննության ընթացքում.
-յուրաքանչյուր տարի` ոստիկանության բժշկական վարչության սահմանած ժամանակացույցին համապատասխան ամենամյա կանխարգելիչ բժշկական քննության ընթացքում.
– ըստ անհրաժեշտության` ծառայողական քննության ընթացքում:
Ոստիկանությունում ծառայողները հոգեֆիզիոլոգիական հետազոտություն անցնում են՝
– ոստիկանության բժշական վարչության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննության ընթացքում` ոստիկանության ծառայողի մոտ անբավարար կամ անկայուն (անհամազոր) հոգեֆիզիոլոգիական վիճակ հայտնաբերելու դեպքում` բժշկական ցուցումի հիման վրա.
-ոստիկանության ծառայողի մոտ անբավարար կամ անկայուն (անհամազոր) հոգեֆիզիոլոգիական վիճակ հայտնաբերելու դեպքում նրա անմիջական ղեկավարի կողմից վերադասության կարգով ոստիկանության պետին կամ նրա տեղակալներին ներկայացված զեկուցագրի հիման վրա.
– ըստ անհրաժեշտության` ծառայողական քննության ընթացքում:
Ոստիկանության ծառայողը և ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացին իրավունք ունեն ծանոթանալու հետազոտության արդյունքներին, ներկայացնելու հետազոտությանն առնչվող նյութեր: Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացին ունի նաև հետազոտությունն ընդհատելու իրավունք: Այդ դեպքում դադարեցվում է տվյալ անձի` ոստիկանությունում ծառայության անցնելու մասին դիմումի հետագա քննարկումը:
Հետազոտության ընթացքում իրավախախտումների մասին տեղեկություններ ստանալու կամ ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածություն կամ անբավարար կամ անկայուն (անհամազոր) հոգեֆիզիոլոգիական վիճակ ունեցող անձանց հայտնաբերելու կամ ոստիկանության ծառայողի կողմից հետազոտությունից հրաժարվելու դեպքում ոստիկանության բժշկական վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից վերադասության կարգով զեկուցագիր է ներկայացվում ոստիկանության պետին կամ նրա տեղակալներին: Տեղեկատվությունը եռօրյա ժամկետում ոստիկանության բժշկական վարչությունը փոստային եղանակով ուղարկում է նաև համապատասխան հետազոտությունն անցած անձին:
Վերադասության կարգով ներկայացված զեկուցագրի հիման վրա ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին ոստիկանության պետի կամ նրա տեղակալների կողմից տրվում են հանձնարարականներ անձի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու կամ ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու, կամ իրականացվող ծառայողական քննության ընթացքում ստացված տեղեկություններն ամփոփելու վերաբերյալ:
Անբավարար կամ անկայուն (անհամազոր) հոգեֆիզիոլոգիական վիճակ ունեցող անձանց հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանության պետի կամ նրա տեղակալների կողմից հանձնարարական է տրվում ոստիկանության համապատասխան կադրային ստորաբաժանմանը բժշկական եզրակացության համաձայն տվյալ անձի` ոստիկանությունում հետագա ծառայությունը շարունակելու վերաբերյալ հարցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշելու համար:
Հետազոտվողը հետազոտության արդյունքներին ծանոթանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի հետազոտության արդյունքները բողոքարկել ոստիկանության պետին կամ նրա տեղակալներին: Ոստիկանությունում ծառայողները հետազոտության արդյունքները բողոքարկում են վերադասության կարգով: Բողոքարկման դեպքում ոստիկանության պետը կամ նրա տեղակալը հանձնարարում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հետազոտություն նշանակել այլ մասնագիտացված հաստատությունում:
Եթե ոստիկանության բժշկական վարչության և այլ մասնագիտացված հաստատությունում կատարված հետազոտության արդյունքները համընկնում են, ապա հետազոտության արդյունքները համարվում են վերջնական:
Հետազոտության արդյունքների անհամապատասխանության դեպքում հետազոտությունը նշանակած ստորաբաժանման կողմից կրկնակի հետազոտություն է նշանակվում մեկ այլ մասնագիտացված հաստատությունում, որի արդյունքները համարվում են վերջնական:
Այս կարգի շրջանակներում իրականացվող հետազոտության արդյունքներն անձն իրավունք ունի բողոքարկել դատական կարգով:
Հետազոտության արդյունքում ստացվող տեղեկատվությունը համարվում է խորհրդապահական և այն մշակվում, պահպանվում, փոխանցվում և օգտագործվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Փաստինֆո»

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply