Ժողովրդի ծառան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 13:30

Որոշ լրատվամիջոցներ հուզմունքով են ընդունել Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, թե ժողովրդին ծառայելու համար ինքը պատրաստ է … պահակ աշխատել: «Հայոց աշխարհն» այս առնչությամբ ճշտում է` «նախագահի պահակը» և «հարգարժան Բագրատյանին հիշեցնում, որ նա արդեն «նախագահի պահակ» աշխատելու առիթ ունեցել է հեռավոր 90-ականների կեսերին: Իսկ թե դրանից ի՞նչ ստացվեց, բոլորին ոչ միայն հայտնի է, այլև շատերս անձամբ մեր մաշկի վրա ենք զգացել», – գրում է թերթը:
Օգտվելով բյուջեի նախագծի քննարկման չորսօրյա ընդմիջումից, ԶԼՄ-ները վերջին կարծիքներն են փոխանցում դրա վերաբերյալ` «Մի գերագնահատված փաստաթղթի պատմություն» («168 ժամ»), «Բյուջեն երբեք բավարար չի լինում» («ՀԱ»), «Տ. Սարգսյան. կառավարությունը միշտ պատրաստ է երկխոսության» («Գոլոս Արմենիի»): Երգիծանքի իր սուղ միջոցներն օգտագործելով, վարչապետի ելույթը «ժողովրդական լեզվով» գրել ու ներկայացրել է «Հրապարակը»` «Նախագահները ձեռքները լվացե՞լ են վարչապետից…»: Կան նաև «բյուջեամերձ» դատողություններ. «ՀԺ»-ն ընթերցողին բացատրում է, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկը մերժել է, քանի որ ընդունելու դեպքում «զգալիորեն նվազելու էր օլիգարխի գրպանը մտնող ստվերային շահույթը»: «Ժողովուրդը» շարունակում է չհասկանալ, թե ինչու չի կատարվել քաղծառայողների աշխատավարձը բարձրացնելու ՀՀ նախագահի նախընտրական խոստումը: Թերթն անդրադարձել է նաև տնտեսագիտական համալսարանում վարչապետի ունեցած ելույթին, որից մեջբերումներ են արել «Ժամանակը»` Հրանտ Բագրատյանի փորձագիտական մեկնաբանությամբ հանդերձ և «168 ժամը»` շեշտելով նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հորդորը` վերացնել սահմանի վրա ԱԱՀ գանձելու պրակտիկան: Նույն թերթը տպագրել է երկրի նախագահից ու վարչապետից աշխատանք խնդրող Հայկանդուխտ Արշակյանի նամակը, «Առավոտը»` ՀՅԴ գործիչների պարզաբանումը, թե իրենք ինչ են հասկանում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ասելով:
«Հրապարակը» և «Ժամանակը» վառ են պահում ՀՀԿ – ԲՀԿ նախընտրական «սակարկության» թեման, որի հիմնական բովանդակությունը վարչապետի պաշտոնն է, իսկ «ՀԱ»-ն իր ընթերցողին է հրամցնում Վարդան Օսկանյանին ուղղված և «Դե ֆակտո իրատեսի» երեկվա համարում հրապարակված 26 հարցից 16-ը:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply