Խուլիո Իգլեսիասը Հաիթիի համար կերգի այդ երկրի նախագահի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 10:32

Հանրահայտ իսպանացի տենոր Խուլիո Իգլեսիասը համերգ կտա Հաիթիի հանրապետության օգտին, որը  2010-ին տեղի ունեցած երկրաշարժից խիստ տուժել էր: Ընդ որում, նա երգելու է Հաիթիի նախագահ Միշել Մարտեյնի հետ:

Համերգը կազմակերպվել է Իգլեսիասի նախաձեռնությամբ, որը դեռևս 2010-ին էր այցելել Հաիթի ու սեփական աչքով տեսել ստորգետնյա ցնցումների սարսափելի հետևանքները: Նա այն ժամանակ դեռևս ասել էր, որ չի տեսել ավելի ավերված երկիր, քան Հաիթին է:

Համերգը տեղի կունենա Հաիթիի հարևան Դոմինիկյան հանրապետությունում, դեկտեմբերի 28-ին: Հավաքված դրամական միջոցները կգնան տուժածների օգնության հատուկ հիմնադրամ:

Կազմակերպիչներն ասում են, որ Մարտեյնը Իգլեսիասի հետ 2 երգ կկատարի: Ի դեպ, մինչև նախագահ ընտրվելը, Մարտեյնը երաժիշտ էր ու նույնիսկ “կոմպա” ուղղության հիմնադիրներից է(հաիթյան ավանդական երաժշտության տարատեսակ): Հաիթին վերջին տարիներին ծանր վիճակ է ապրում: Սա Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ երկիրն է, որը դեռևս չի թոթափել 2010-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները: Այն ժամանակ զոհվեց 230 000 մարդ: 3 միլիոն  մարդ տուժեց, ավելի քան 1 մլն-ը մնաց առանց ծածկի ու փախստական դարձավ: Մինչ այժմ ժամանակավոր վրաններում են ապրում 400 հազար մարդ: Երկրին 9 մլրդ դոլարի վնաս հասցվեց,  խոլերայի համաճարակ բռնկվեց, որն ավելի քան 7 հազար մարդու կյանք խլեց: Բացի այդ, հոկտեմբերի վերջին Հաիթիում “Սենդի “ փոթորկի հետևանքով 54 մարդ զոհվեց 21-ն անհետ կորան:

Երկրում արտակարգ իրադրություն է հայտարարված:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply