Հանդիպում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 16, 2012 16:20

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կյող-Բիզոյին:
Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ուրախ եմ, որ պետք է համագործակցենք կարևոր ծրագրերի իրականացման գործում: Մենք կարևորում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում և վերջին 20 տարում համատեղ իրականացված ծրագրերը հաջողված ենք համարում»:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ 1992 թվականից Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակում ծավալվող աշխատանքներին ու համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Այդ համատեքստում կողմերը կարևորել են համատեղ իրականացվող հազարամյակի զարգացման նպատակներին ուղղված ծրագրի, ինչպես նաև «Կանոնակարգիչ գիլյոտին» և «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրերի շարունակական իրականացումը: Կառավարության ղեկավարը խոսել է նշված ծրագրերի արդյունավետության մասին, մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:
Պարոն Կյող-Բիզոն հավաստիացրել է, որ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշել է, որ տարածաշրջանում Հայաստանը տնտեսական բավական լավ ցուցանիշներ է արձանագրում և բարձր է գնահատել գործարարության միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը:

Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply