ՖԱՐՍ». Էրդողանը տարածաշրջանի մուսուլմանական ազգերի հանդեպ վարում է կեղծ քաղաքականություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 16:20

Սիրիայի դեպքը վկայում է, որ Թուրքիայի իրական նպատակը տարածաշրջանում Օսմանյան կայսրության վերականգնումն է:

Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված վերլուծական հոդվածում:

Իրանական կայքը, քննադատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարածաշրջանի մուսուլմանական ժողովուրդների նկատմամբ վարած երկակի և կեղծ քաղաքականությունը, մասնավորապես նշում է. «Դավոսում Էրդողանի և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջև տեղի ունեցած միջադեպից հետո տարածաշրջանում իրենց իրավունքների համար պայքարող ազգերը մեծ խանդավառությամբ ընդունեցին Թուրքիայի վարչապետի այդ քայլը, սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, Էրդողանի այդ քայլը ոչ թե իսլամի շահերից բխող, այլ տակտիկական քայլ էր, որի նպատակը տարածաշրջանում իր հեղինակության բարձրացումն էր»:

«Թուրքական նավի վրա Իսրայելի կողմից կատարված հարձակման հետևանքով Թուրքիայի 9 քաղաքացիների զոհվելու փաստի առնչությամբ Անկարայի ցուցաբերած պասիվությունը ցույց տվեց, թե Թուրքիայի և Իսրայելի միջև ինչպիսի գաղտնի հարաբերություններ գոյություն ունեն: Եթե ավելի առաջ գնանք, ապա կնկատենք, որ Սիրիայում իրավիճակի անկայունացման սկզբնական շրջանում Թուրքիայի կառավարությունն Իսրայելի համաձայնությամբ սաբոտաժային գործողություններ իրականացնելու համար ուսուցում ստանալու նպատակով իր զինվորականներին գործուղեց Թել Ավիվ:

Այսպիսով` օրըստօրե Էրդողանի և նրա կառավարության իրական դեմքը բացահայտվում է: Սիրիայի դեպքը վկայում է, որ Թուրքիայի իրական նպատակը տարածաշրջանում Օսմանյան կայսրության վերականգնումն է»,-նշում է «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը:Եզրափակելով Թուրքիայի իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունը, իրանական աղբյուրը գրում է. «Եթե Թուրքիան իրեն հռչակել է տարածաշրջանի պայքարող ժողովուրդների պաշտպան ու աջակից, ապա ինչու ՞ Իսրայելի չի կասեցնում իր հարաբերությունները, ինչու ՞ չեղյալ չի հայտարարում անվտանգության մասին վերջինիս հետ կնքված պայմանագրերը: Գազայի երեխաների ճիչն Էրդողանի և նրա դաշնակից արաբական երկրների համար լուրջ փորձություն է, ապագան ցույց կտա, թե որքանո՞վ են պայքարող ազերի հովանավոր հռչակելու իրենց հայտարարություններն իրական»:

Դիտվել է 2065 անգամ:
Print Friendly

Leave a Reply