Հայաստանում ավելի լավ էր, ասում է Ստամբուլում ուսանող ներգաղթյալ հայ աշակերտը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 16, 2012 16:14

Տասնմեկամյա Էրիկ Գևորգյանը Հայաստանից Ստամբուլ է եկել 8 տարի առաջ և այժմ սովորում է Հայ Ավետարանական Եկեղեցուն կից գետնահարկում գործող Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցի 6-րդ դասարանում: Սակայն նա կցանկանար վերադառնալ Հայաստան, քանի որ ասում է, որ այնտեղ իր համար ավելի լավ էր:
«Հայաստանում ավելի լավ էր»,- Tert.am-ի հետ զրույցում ասում է էրիկը, ով մեկն է Թուրքիա ներգաղթած հայ ընտանիքների այն 108 երեխաներից, ովքեր հաճախում են այս դպրոց, քանի որ Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով իրենց ընտանիքները տեղափոխվել են Ստամբուլ:
Էրիկի ընտանիքը նախկինում բնակվել է Երևանում: Ստամբուլում նա ապրում է հայրիկի, մայրիկի և տատիկի հետ: «Պապաս քանդակում ա փայտի վրա, իսկ մամաս մաքրություն ա անում»,- ասում է նա:
Հայաստանի մասին աղոտ հիշողություններից ու հայրենիք վերադառնալու` այս պահին անիրական ցանկությունց բացի, Ստամբուլի այս դպրոցի աշակերտները դպրոցից դուրս, թերևս, ավելի լուրջ խնդիրների են բախվում:
Դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը պատմում է, որ լավագույն աշակերտներից մեկը` Կարեն անունով 13-ամյա մի տղա, իրեն աշակերտած վարպետի կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկվել` հարևան աշխատողի հրահանգները կատարելու և նրան թեյ մատուցելու համար:
«Որ լսեցինք` շատ հուզվեցինք»,- պատմում է նա` ավելացնելով, որ իր ամուսինն անձամբ էր այդ վարպետին խնդրել, որպեսզի հայ երեխային աշակերտ վերցնի: «Շատ նեղվեցինք, շատ ծանր տարանք, բայց անելիք չունենք: Հիմա Կարենից հետո աշակերտ ունենք, որ նորից գնում է շուկա»,- ասում է նա և նշում է, որ նույնպիսի բռնության է ենթարկվել նաև այդ աշակերտը:
Դպրոցի տնօրենը հիշում է, թե ինչ դժվարություն են ունեցել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատվածքն անցնելու ժամանակ, քանի որ մտավախություն են ունեցել, որ այն կարդալիս հայ երեխաներն իրենց գիքորներ կզգան Ստամբուլում, ու փորձել են ամեն ինչ անել, որպեսզի հոգեբանորեն պատրաստեն հայ աշակերտներին այդ և մնացած այլ մարտահրավերների դիմակայելու համար:
«Լուծում տալը շատ դժվար է, բայց փորձում ենք երեխաներին հասկացնել, որ սա պատերազմ է, որ դուք անպայման պիտի ձեզ պաշտպանել իմանաք… Այսինքն, սա մի պատերազմ է, որ երեխան արդեն ժամանակից շուտ ընկել է դրա մեջ և պիտի դա կրի»,- նշում է Հերիքնազ Ավագյանը, ով Երևանի Ավան-Առինջի 180-րդ դպրոցում ութ տարի «Հայոց լեզու և գրականություն» է դասավանդել:
«Ցավոք, աշակերտների քանակն ավելանում է: Այս տարի արդեն 20 աշակերտ է ընդունվել առաջին դասարան, և դպրոցում աշակերտների ընդհանուր թիվը հասել է 108-ի»- ասում է նա:
Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ, վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն (Աղաբալյան) ասում է, որ թեև դպրոցը գործելու թույլտվություն չունի, այդուհանդերձ կառավարությունը նաև չի արգելում նրանց կազմակերպելու հայ երեխաների ուսուցման գործընթացը:
«Մենք մեր գործը կընենք, վերջը, եթե պետությունեն բան մը լինի. այն ադեն կմտածենք: Բայց մենք նորեն ալ կշարունակենք, որովհետև այս երեխաները մեր զավակներն են: Հիմա կամ պետությունը պիտի բանա այս զավակներու համար դպրոց, կամ ալ մենք պիտի ընենք մեր գործը: Պետությունը հիմա խառնվել չուզեր: Հիմա` ամենեն առաջ, պետք է որ հայաստանցի զավակը հոս իր լեզուն չկորսուցնե»,- ասում է նա:
Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն նշում է, որ թուրքերը շատ ուժեղ են ազգայնասիրության հարցում, և նրանց մեջ ապրելիս հարկավոր է շատ զգույշ և զգոն լինել: «Կամ պիտի ըսեն` «եգուր քեզի իսլամ ընենք», կամ ալ պիտի ըսեն` «եգուր քեզի թուրք ընենք»: Այս մարդիկներն այս գործի վարպետն են»,- ընդգծում է նա:
Վերապատվելին նշում է, որ դպրոցի համար գրքերը Հայաստանից են ուղարկում` հայկական դպրոցների համար դասագրքերից: Ֆինանսական խնդիրները նախկինում լուծում էին տարբեր աղբյուրների օգնությամբ, իսկ մնացածն էլ վերցնում էին երեխաների ծնողներից: Ավելի ուշ դպրոցը կապ է հաստատել «Կարիթաս» հիմնադրամի հետ, որը հոգում է ինչպես երեխաների սննդի, այնպես էլ ուսուցիչների աշխատավարձի հարցերը:
Հերսիլիա Պետրոսյանը Ստամբուլ է եկել տասը տարի առաջ, քանի որ Հայաստանում չի կարողացել եղած աշխատանքով պահել ընտանիքը:
«Որոշեցի գալ աշխատանքի համար, որովհետև ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանում ինչպես է վիճակը. գործ չգտա այնտեղ և ստիպված եկա էստեղ: Տասը տարի է այստեղ եմ, աշխատում եմ, փառք Աստծո, ընտանիքս, երեխաներիս, թոռներիս պահում եմ էստեղի աշխատանքով: Տանն եմ աշխատում, եղել է այնպես, որ հյուրանոցում եմ աշխատել, դե որտեղ պատահի»,- ասում է նա և ավելացնում, որ շատ գոհ է աշխատանքից:
«Շատ գոհ եմ: Գոհ եմ նրանով, որ կարողանում եմ էսօր ընտանիքս պահել: Հայաստանում ես աշխատանք ունեի, բայց ստանում էի շատ քիչ գումար: Ընտանիքով ենք այստեղ, աղջիկս էլ էստեղ իր ընտանիքով: Թոռնիկս էստեղ է ծնվել: Քաղաքացի չէ, բայց էստեղ է ծնվել»- պատմում է նա:
Հերսիլիա Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանից Ստամբուլ եկած հայերն այնտեղ պիտի մնան այնքան ժամանակ, մինչև Հայաստանում հնարավոր լինի աշխատել և կարողանալ պահել ընտանիքը:
«Գիտե՞ք ինչ, ինձ թվում է, որ այնքան պետք է մնանք էստեղ, մինչև մեր երկրում ամեն ինչ կարգավորվի, որ մարդիկ աշխատանք ունենան, մարդիկ կարողանան նորմալ գումար ստանալ աշխատանքի դիմաց: Մենք չենք ուզում էստեղ մնալ, մենք էլ ենք շատ ուզում մեր երկիրը գնալ, բայց վիճակը գիտեք ինչպես է, հնարավոր չի: Ես Երևանից եմ, էնտեղ էլ եմ փորձել աշխատել, մատուցողուհի եմ փորձել աշխատել 1000 դրամով օրը: Կարո՞ղ ես մեծ ընտանիք պահել»,- հարցնում է անում նա:
Հերսիլիա Պետրոսյանը պատմում է, որ ինքը թուրքի մոտ է աշխատում և շատ գոհ է, մինչդեռ հայերի մոտ աշխատելիս նույնը չի կարելի ասել: «Իմ ընկերուհին աշխատում է հայի մոտ առավոտը, նախքան տան տիկնոջ արթնանալը, այդ կինը ուշ է վեր կենում` 11-ին, ինքը ամբողջ գործերն անում էր, իսկ այդ կինը վեր էր կենում և հարցնում` «արե՞լ ես գործերը», նա էլ պատասխանում էր` «հա», նա էլ թե` «բա ես չեմ տեսել, նորից արա»: Խեղճ կինը նորից իրա աչքի առաջ անում ա»,- մի փոքր բարկացած պատմում է նա:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Պողոսյանը արդեն երկու տարի է, ինչ աշխատում է Հրանտ Դինքի անվան այս դպրոցում: «Ես երբեմն ինքս ինձ մեղադրում եմ, թե ինչու եմ մնում այստեղ,- ասում է նա,- Բայց երբ նայում եմ այս երեխաներին` հասկանում եմ իմ հարցի պատասխանը»,- նշում է նա:
Նույն դպրոցում սովորող Եվա Մկրտչյանը Ստամբուլում է 2005-ից: Ծնվել է Հրազդան քաղաքում: Ստամբուլում տասնամյա աղջիկն ապրում է մայրիկի, հայրիկի, մորաքրոջ և փոքրիկ քույրիկի հետ: Ընտանիքից հիմնական աշխատանք ունի միայն հայրը:
«Մայրիկս աշխատում է, մեկ-մեկ` կիրակի և շաբաթվա մեջ մի քանի օր, իսկ հայրիկս` ֆաբրիկայում»,- պատմում է նա: «Էստեղ լավ է, բայց քանի որ ես Հայաստանում ո՛չ մանկապարտեզ, ո՛չ էլ դպրոց եմ գնացել, չգիտեմ այնտեղ լավ է, թե չէ»,- բացատրում է Եվան և նշում է, որ սիրում է «Մաթեմատիկա», «Բնագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Հայոց լեզու» առարկաները:
Եվան նաև ասում է, որ կուզենար վերադառնալ Հայաստան: Տանն էլ են խոսում այդ մասին: «Բայց միայն ես պետք է գնամ-ապրեմ իմ տատիկի և պապիկի հետ»,- ասում է նա հայրենիք հնարավոր վերադարձի մասին:
Հեղինակ՝ Սասուն Խաչատրյան
Tert.am կայքի փոխխմբագիր
Ստամբուլ

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply