Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամների եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 16, 2012 15:12

Նոյեմբերի 16-ին ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները եւ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով ՀՀ վարչապետի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկված Հայաստան-Ուրուգվայ տնտեսական կապերի զարգացման կարեւորությունն ու առեւտրաարդյունաբերական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը՝ հանդիպմանը հրավիրվել են նաեւ գործարարներ:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն ներկայացրեց Ուրուգվայի աշխարհագրական, պատմական, քաղաքական ու տնտեսական առանձնահատկությունները՝ նշելով, որ իր երկրի զարգացման առաջնահերթությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում քաղաքական, տնտեսական ու սոցիալական կայունությունը, աշխարհի համար բաց լինելու, ներդրումների համար բարենպաստ դաշտ ստեղծելու հետեւողական քաղաքականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Խորխե Օռիկոյի գնահատմամբ՝ Ուրուգվայի որդեգրած քաղաքականության արդյունավետությունն ու տարբեր ոլորտներում արձանագրած հաջողությունները պայմանավորված են օրենսդրական դաշտի անընդհատ կատարելագործմամբ ու դրանց կիրառման հստակ մեխանիզմների ներդրմամբ: Լատինաամերիկյան ամենափոքր երկրներից մեկը լինելով եւ ունենալով 3,3 մլն բնակչություն՝ Ուրուգվայը մեծ հաջողություններ է արձանագրել տնտեսության տարբեր ոլորտներում, առեւտրական հարաբերություններ է հաստատել աշխարհի 120 երկրների հետ եւ իրավամբ համարվում է Հարավային Ամերիկայի ամենաժողովրդավարական երկիրը: Ըստ Ուրուգվայի խորհրդարանի նախագահի՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իր երկրի գրանցած հաջողությունների վառ վկայությունն է նաեւ այն փաստը, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն: Դա փաստում է նաեւ այն մասին, որ Ուրուգվայի համար մարդու իրավունքներն ավելի բարձր են դասվում, քան տնտեսական շահերը:

Այնուհետեւ Հայաստանի եւ Ուրուգվայի գործարարները ներկայացրին իրենց գործունեության ոլորտներն ու ներդրումային հնարավոր ուղղությունները: Մասնավորապես քննարկվեցին դեղագործության, ագրոարդյունաբերության, տուրիզմի, շինանյութերի արտադրության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ու գիտական ասպարեզում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները:

Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց գործարարների ավելի ընդլայնված կազմով հանդիպումներ կազմակերպել, քննարկել ներդրումային բոլոր հնարավորությունները եւ իրատեսական ու գործնական քայլեր ձեռնարկել:

 

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply