Մենք չենք կարող գտնել նոր փրկիչ ի դեմս մարդու
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 16, 2012 14:32
Տա Աստված, որ իշխող քաղաքական ուժը իր մեջ կամք ու վճռականություն գտնի և դուրս գա նեղ կուսակցական շահերից և առաջնորդվի իսկապես համազգային, համապետական մոտեցումներով, և մենք կունենանք այն Հայաստանը, որ յուրաքանչյուր քաղաքացի է ուզում: Իր նման ցանկությունների մասին խոսեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում:
Նա նաև անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՅԴ-ի առաջարկներն ընդունելու մասին հայտարարությանը` նշելով, որ տեղի է ունեցել որոշակի թյուրըմբռնում. “Մենք չենք առաջարկել մոնիթորինգի հանձնաժողովում տեղեր բաշխել, այլ առաջարկել ենք անկախ մարմին, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը որոշում կայացնելու այնպիսի հնարավորություն ունենան, որոնք պարտադիր կլինեն պետական մարմինների համար”:
Մինասյանի համոզմամբ Հայաստանին անհրաժեշտ են համակարգի այնպիսի փոփոխություններ, որի արդյունքում մարդն էլ կփոխվի, կկատարի ծրագրային այնպիսի փոփոխություններ, որոնք պարտադրում է համակարգը:
“Այսօրվա համակարգը պարտադրում է միայն կոռուպցիա, պարտադրում է միայն խմբիշխանություն, միայն մենաշնորհ: Նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնելով համակարգը չի փոխվի: Մենք ասում ենք համակարգային փոփոխություն, որը ենթադրում է թե’ գործող անձանց փոփոխություն, թե’ նախագահի փոփոխություն”,-հայտարարեց պատգամավորը:
Մինասյանը նախագահի թեկնածւ փնտրելու հարցում ևս իր տեսակետն ունի և կարծում է, որ որպես նախագահի թեկնածու ամեն գնով փրկիչ ման գալու գործը չի աշխատելու. “Չի կարող աշխատել, որովհետև քրիստոնյա աշխարհն ունեցել է մեկ փրկիչ, նրան էլ խաչել են: Հիմա նոր փրկիչ մենք չենք կարող գտնել ի դեմս մարդու”:
Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ-ական պատգամավորը հիշեցրեց իրենց յոթկետանոց պլատֆորմը և ասաց, որ իրենք բոլորին հրավիրել են քննարկումների. “Եթե այդ մոտեցումներն ընդունվում են, առաջ է գալիս այն անձը, որը ոչ միայն ընդունում է մոտեցումները, այլ նաև երաշխավորում է, որ այդ փոփոխությունները կարող են իրականացվել, դրա արդյունքում կարող է ծնվել թեկնածուի շուրջ համախմբում”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
