Տնտեսական ճգնաժամը հայերի գրպանին չի խփել. 2009-ին ավելի շատ հայ է մեկնել արտերկիր հանգստանալու

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 12, 2010 11:25

Տեսարան Անթալիայից. արտերկրում հանգստանալու մեկնող հայաստանցիները հիմնականում նախընտրում են Անթալիան և Եգիպտոսը

Տնտեսական ճգնաժամը չի խանգարել հայերին, որպեսզի 2009-ին իրենց հանգիստը կազմակերպեն արտերկրում. անցած տարի արտագնա տուրիզմն աճել է  2.1 տոկոսով` Հայաստանից արտերկիր հանգստի է մեկնել 526 193 մարդ:

Ըստ տուրիստական գործակալությունների` հայերը հիմնականում նախընտրում են ծովափնյա երկրներ` Վրաստանից և Թուրքիայից մինչև եվրոպական երկրներ` կախված գրպանի հնարավորություններից:

2009-ին Վրաստանում հանգստացած Արմանն  ասում է, որ Հայաստանում հանգիստը շատ թանկ արժի, այդ իսկ պատճառով էլ նախընտրում է արտերկիր մեկնել. «Սևանի ափին նույն գնով միջին մակարդակի քոթեջ պիտի վարձեի: Իսկ Վրաստան մեկնելով` հա՛մ ծովի ափին հանգիստս անցկացրի, հա՛մ նոր վայրերում եղա, պայմաններից էլ դժգոհ չեմ»:

Իսկ  Մարիաննա Փայտյանը 2009-ին իր հանգիստն անցկացրել է  Դիլիջանում: «Ընդհանրապես, ամեն տարի էլ մեր հանգիստը Հայաստանում ենք կազմակերպում, Հայաստանում տեսարժան վայրերը շատ են. գեղեցիկ բնություն, մաքուր օդ»,- ասում է Մարիաննան: Սակայն նաև նշում է, որ Հայաստանում հանգիստը շատ ավելի թանկ արժի, քան արտերկրում. «Հայաստանում ամեն ինչ շատ թանկ է. այն գումարով, որ ծախսում եմ այստեղ մեկշաբաթյա հանգստի համար, օրինակ, Վրաստանում  առնվազն 10 օր կհանգստանայի: Բացի այդ, Հայաստանում, չնայած շատ բարձր գներին, բարձրակարգ պայմաններ չկան: Ամեն անգամ հանգստից գալիս եմ նյարդայնացած ու դժգոհ. առաջարկվող պայմանները հեռու են բավարար լինելուց»:

Մարիաննան ասում է, որ իր ընկերները  հանգստի համար հիմնականում նախընտրում են Վրաստանը կամ Թուրքիան: «Անցած տարի առաջին անգամ լրջորեն մտածեցի արտերկրում հանգստանալու մասին: Հետ է պահում այն գիտակցությունը, որ հայրենիքում վաստակած գումարը պետք է ծախսել նույն այդ հայրենիքում,- խոստովանում է Մարիաննան՝ նշելով, որ գուցե և մի օր հայրենասիրությունը տեղի տա:- Երբեմն ինձ հարց եմ տալիս՝ եթե երկիրն իմ մասին չի մտածում, ինչո՞ւ պետք է ես մտածեմ այդ երկրի մասին»:

«Սպուտնիկ» տուրիստական գործակալության մենեջեր Մերի Թովմասյանն ասում է, որ մարդուն բնորոշ  է նորը բացահայտելու ձգտումը,  դրանով են պայմանավորված արտագնա տուրիզմի մեծ ծավալները. «Մեր արտագնա հաճախորդները հիմնականում հետաքրքրված են ծովափնյա երկրներով,  չեն բավարարվում Սևանով  և նախընտրում են պասիվ հանգիստը: Նրանց բյուջեից է կախված, թե ուր կմեկնեն հանգստանալու, Անթա՞լիա, թե՞ Իտալիա: Կան մարդիկ, որ մեկ անգամ Թուրքիայում լինելով` հաջորդ անգամ նույն վայրն են ընտրում, բացատրում են, որ հարմարավետությունն առավելագույնս ապահովված է:  Նույնը փորձում ենք ապահովել նաև Հայաստանում»:

«Արենի» տուրիստական գործակալության տնօրեն Հասմիկ Հակոբյանն էլ կարծում է, որ հայաստանցիները գուցե նախընտրում հանգստանալ դրսում,  քանի որ հայաստանյան զբոսավայրերի մակարդակը չի համապատասխանում նրանց պահանջներին:

Մերի Թովմասյանը, անդրադառնալով  Հայաստանում գործող հյուրանոցների, հանգստյան տների բարձր գներին, ասում է, որ ըստ սեփականատերերի` և՛ սնունդն է թանկ, և՛ ջեռուցումը,  դրանով է պայմանավորված բարձր գինը:  Բացի այդ, այստեղ  պասիվ հանգիստ չի առաջարկվում, այլ մշակույթ, տեսարժան վայրեր: Ուստի և Հայաստան այցելելը բավականին ծախսատար է: «Թանկ են և՛ հյուրանոցները, և՛ ավիատոմսի արժեքը,- ասում է Թովմասյանը,- այս ամենն արդեն իսկ բարձրացնում է տուրիստական փաթեթ-ուղեգրի  արժեքը»:

Թովմասյանը  հավաստիացնում է, որ 2009-ին արտագնա տուրիզմի ոլորտում մեծ հաջողություն են ունեցել. 2009-ին գրանցվել է 8 -10 տոկոսի աճ: Բավականին մեծ պահանջարկ  են ունեցել դեպի Եգիպտոս և Թուրքիա ուղիղ չվերթները: Իսկ «Արենի» տուրիստական գործակալության տնօրենն ասում է, որ 2009-ին արտագնա տուրիզմի ոլորտում անկում են ունեցել: Նա նշում է, որ 2008-ի համեմատ` 2009-ին գրանցվել է մոտ 15 տոկոսի անկում: «Տոմսեր 2008 -ից  ավելի շատ ենք վաճառել, սակայն դա դեռ չի նշանակում տուրիզմի աճ: Փաթեթների վաճառքի առումով ծավալը  նվազել է: Նվազման միտումը պահպանվում է նաև 2010-ին»:

Մեխակ Ապրեսյանն ասում է, որ 2010-ին Հայաստանում սպասվում է զբոսաշրջային հոսքերի 5 տոկոս աճ

2009-ին համաշխարհային զբոսաշրջությունը կրճատվել է 4 տոկոսով, մինչդեռ, ըստ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալների,  2009 թ. ընթացքում զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստան աճել է 3 տոկոսով և կազմել է 575 281 զբոսաշրջիկ։  Հայաստան այցելող զբոսաշրջիկների 60 տոկոսը, սակայն,  սփյուռքահայեր են: Զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում ԱՊՀ-ից, Եվրամիության երկրներից, Իրանից և ԱՄՆ-ից: Վերջին տարիներին սկսել են Հայաստան այցելել նաև լատինաամերիկյան և սկանդինավյան երկրներից:

Այսուհանդերձ,  տուրիստական գործակալությունները  ճիշտ հակառակն են ասում: «Արենի» տուրիստական գործակալությունը հաճախորդներ չի ունեցել, իսկ «Սպուտնիկ» գործակալությունն արձանագրել է  10-13 տոկոսի անկում: Տուրիստական գործակալությունների և պաշտոնական տվյալները չեն համընկնում, քանի որ  զբոսաշրջության վարչությունը  հայրենիք ժամանող անհատ այցելուներին  ևս դասում է  զբոսաշրջիկների շարքը: Թովմասյանը ներգնա զբոսաշրջության ոլորտում ստեղծված իրավիճակը բացատրում է տնտեսական ճգնաժամով և 2008-ին Հայաստանում  ու  տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով:   Հայաստանյան զբոսաշրջության ոլորտում թե՛ ավիատոմսերի և թե՛ հյուրանոցների գների նվազում տեղի չի ունեցել:  Սակայն, նա գնային քաղաքականությունից ավելի կարևորում է երկիրը ճիշտ գովազդելը: «Հաճախ է պատահում, որ Հայաստանի մասին անտեղյակ օտարերկրացիներն Արմենիա լսելով զարմացած հարցնում են Ռոմանիա՞» ,- ասում է Թովմասյանը:

«Մենք արդեն բանակցություններ ենք սկսել մասնավոր հատվածի հետ` միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում Հայաստանի մասնակցության վերաբերյալ և ճանաչողական այցերի առավելագույն արդյունավետության ապահովման ուղղությամբ»,- ասում է  Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ  Ապրեսյանը։

Նա նշում է  նաև, որ զբոսաշրջիկների ներգրավման համար նախատեսվում է Հայաստանում փառատոների, տոնական միջոցառումների անցկացում։ Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը կհանգեցնի Ջերմուկ, Ծաղկաձոր, Տաթև առողջարանային քաղաքների նախագծերի, ինչպես նաև Լոռու մարզի «Հյուսիսային դարպասներ»  գլոբալ նախագծի իրականացումը։

Զբոսաշրջության վարչությունը 2010-ին Հայաստանում  կանխատեսում  է  զբոսաշրջային հոսքերի 5 տոկոսի աճ:

Դիտվել է 5191 անգամ:
Print Friendly

Leave a Reply