Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա

Պաշտոնական, Օրվա լուր | | November 16, 2012 12:00

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ , նոյեմբերի  7-11–ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է  «Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում»  խորագիրը կրող ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի շրջանակում  ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի  Շենգավիթ, Էրեբուն, Կարմիր բլուր  հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները:  Ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների  հետ քննարկվել են հնարավոր  ներդրումների և հուշարձանները մշակութային ժառանգության համաշխարհային ցանկերում ներառելուն առնչվող  հարցեր:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպես նաև այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի և տարածաշրջանի զարգացման գործակալություն։

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է   կլոր–սեղանի, ուր քննարկվել են համագործակցության նախագծեր  ու  Երևանում Սպինելի ինստիտուտի մասնաճյուղ բացելու հեռանկարը:   «Պալացո Սպինելի» վերականգնման ակադեմիայում պատվիրակութանը ներկայացվել են ինստիտուտի իրականացրած  եկեղեցիների պահպանման և վերականգման, մշակութային արժեքների պահպանման  փորձն ու այդ ուղղությամբ իտալական դպրոցի ավանդույթները։

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է նաև Տոսկանա նահանգի Բանյո ա Ռիպոլիի քաղաքապետ Լուչիանո Բարտոլինիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև  տուրիզմի և  բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին հայաստանյան շուկայով:

Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  Բանյո ա Ռիպոլի քաղաքապետին հրավիրել է Երևան:

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply