Ցուցահանդես Բեյրութում

Պաշտոնական, Օրվա լուր | | November 16, 2012 10:25

Նոյեմբերի 13-ին Բեյրութի «Սոլիդեր» ցուցասրահում կայացավ հռչակավոր հայ նկարիչ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը, որին ներկա էին նախարարներ, դեսպաններ, հասարակական եւ մշակութային գործիչներ, արվեսագետներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ, կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Հայաստանի եւ Լիբանանի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի աջակիցներին եւ հովանավորներին եւ ընդգծեց հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադառնալով Հարություն Կալենցի կենսագրությանը եւ ստեղծագործական կյանքի մանրամասներին` դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Կալենց ընտանիքի անդամների ջանքերը Երեւանում 2010թ. թանգարան բացելու ուղղությամբ եւ ավելացրեց, որ Հարություն Կալենցը եղել եւ մնում է եղբայրական երկրների՝ Հայաստանի եւ Լիբանանի, բարեկամության խորհրդանիշ:

Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լռյունը խոստովանեց, որ այս տարի ապրիլին Երեւանում, ծանոթանալով Հարություն Կալենցի գործերին, նա իր համար բացահայտեց հայ ժողովրդի բարձր արվեստը եւ տաղանդը: Նախարարը խոստացավ լիբանանյան եւ հայկական արվեստի միջազգային փառատոն կազմակերպել հայաբնակ Անջարում:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ «Սոլիդեր»-ի գլխավոր տնօրեն Մունիր Դվեյդին, որը նշեց, որ, թեեւ առաջին անգամ է մասնակցում ազգությամբ հայ արվեստագետի գործերի ցուցադրությանը, սակայն մեծ հաճույքով եւ հպարտությամբ է հյուրընկալում նման տաղանդավոր նկարչի գլուխգործոցները:

Այնուհետեւ լրատվամիջոցների հարցերին պատասխանեց Հարություն Կալենցի որդին` Սարո Կալենցը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 26-ը:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply