Թուրքիայի կառավարության հայտարարությունը` ի պատասխան Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2010 3:55

Թուրքիայի վարչապետի մամուլի կենտրոնը տարածել է կառավարության հայտարարությունը` ի պատասխան Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունմանը:

«Թուրքական կառավարությունը հայտնում է իր դժգոհությունը և խիստ դատապարտում է Շվեդիայի խորհրդարանում ընդունված բանաձևը, թե ինչ-որ ազգեր Օսմանյան կայսրության վերջին շրջանում ցեղասպանության են ենթարկվել:

Թուրքական կառավարությունը ժխտում է այդ անհիմն որոշումը: Ակնհայտ է, որ որոշումն ընդունվել է քաղաքական շահերի նկատառումներով` կապված 2010 թվականի սեպտեմբերին Շվեդիայում կայանալիք ընտրությունների հետ:

Բանաձևը չի համապատասխանում մեր երկու երկրների մտերիմ հարաբերություններին:

Իրականում Թուրքիան է կոչ անում անկեղծորեն գնահատել իր պատմությունը: Մերժելով գնահատել պատմությունը, նրանք վախենում են իրենց պահանջները երկկողմ հարթության վրա քննարկել ու գիտական մեթոդներով փաստեր հայտնաբերել: Նրանք, ովքեր ապրում են այս վախով, օգտագործում են արտասահմանյան խորհրդարանականներին, որոնք էլ ճղճիմ քաղաքական շահերից ելնելով, շահագործվում են նրանց կողմից: Օսմանյան կայսրության վերջին շրջանի հետ կապված անհիմն պնդումը շվեդական պառլամենտի օրակարգ մտցնելը այդօրինակ շահագործման հետևանք է…

Նրանք, ովքեր կարծում են, որ սեփական պատմության վերաբերյալ Թուրքիայի պատմական փաստերն ու տեսակետները կփոխվեն արտասահմանյան խորհրդարանների քաղաքական շահերով ընդունված որոշումներով, լուրջ մոլորության մեջ են»,-ասվում է Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքէջում:

Հաղորդագրությունը նաև տեղեկացնում է, որ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքը խորհրդակցության համար հետ է կանչվել Անկարա, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 2010 թվականի մարտի 17-ին նախատեսված այցը Շվեդիա` մասնակցելու Թուրքիա-Շվեդիա գագաթաժողովին, չեղյալ է հայտարարվել:

Դիտվել է 1719 անգամ:
Print Friendly

Leave a Reply