«Ընդդիմությունը պետք է սուր քննադատի կառավարությանը, իսկ մենք պետք է զերծ մնանք նույն սրությամբ պատասխանելուց». Տ Սարգսյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2012 14:56

Ազգային ժողովում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. պետական բյուջեի նախագծի մասին իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ ներկայացված բյուջեն հնարավորությունների սահմաններում է կազմվել՝ նպատակ ունենալով ժողովրդին ու պետությանը զերծ պահել ավելորդ ցնցումներից և ռիսկերից։ «Դա է ստիպում մեզ ներկայացնել հավասարակշռված, իրատեսական բյուջե: Նաև զերծ մնալ ավելորդ սոցիալական ծուղակներից, որի մեջ հայտնվել են բազմաթիվ երկրներ՝ իրենց վրա վերցնելով շատ ծրագրեր»-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ իրենք կարող էին նախագահական ընտրություններից առաջ ներկայացնել մի բյուջե, որտեղ նշված լինեին բարձր աշխատավարձեր, կենսաթոշակներ, սակայն չգայթակղվեցին ու ընտրեցին ավելի իրատեսական ճանապարհը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ ու շահագրգիռ քննարկումների համար, ինչպես նաև քննադատությունների և դիտողությունների: Նա հավաստիացրեց, որ իշխանությունը շատ պատասխանատու է մոտենում խնդրին, և հենց այդ կոնտեքստում էլ ընդունում է արդարացի դժգոհությունները: «Մենք երբևիցէ չենք ունեցել հավակնություն բացարձակ ճշմարտություն ներկայացնելու, այդ իսկ պատճառով կարևորում ենք պատգամավորների կողմից ներկայացված 60 առաջարկությունները, որոնք, համոզված ենք, միտված են պետբյուջեի նախագիծը ավելի բարելավելուն: Կան այնպիսի առաջարկություններ, որոնք պետք է անպայման ընդունենք»,- հայտարարեց վարչապետը:

Նա նաև համոզված է, որ քննադատությունների մեծ մասն ազնիվ մղումներից է բխում՝ առավել բարեկեցիկ հայրենիքում ապրելու ցանկությունից: «Մենք քաջ գիտակցում ենք, որ ընդդիմությունը պետք է սուր քննադատի կառավարությանը, իսկ մենք պետք է զերծ մնանք նույն սրությամբ պատասխանելուց: Այս ամենի մեջ մենք պետք է բացահայտենք համերաշխության եզրերը, քանի որ մենք առաջին հերթին պատասխանատու ենք հենց դրա համար»,-հայտարարեց Տիգրան Սարգսյան՝ վստահեցնելով, որ ուշադրությամբ ուսումնասիրվելու են բոլոր առաջարկություններն ու դիտողությունները և հաշվի են առնվելու նրանք, որոնք համահունչ են կառավարության մոտեցումներին: «Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց ստանձնում ենք իրականացնել արմատական բարեփոխություններ»,- ընդգծեց վարչապետը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «2013թ. պետական բյուջեի» նախագծի քննարկումները 4 օրով ընդմիջվում են, իսկ պատգամավորները 24 ժամվա ընթացքում պետք է ներկայացնեն գրավոր առաջարկություններ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ու ԲՀԿ-ն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու պետբյուջեի նախագծին:

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply