Որքա՞ն է կազմում անձին կալանքի տակ պահելու ժամկետը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 22, 2012 7:00

Կալանավորման և կալանքի տակ պահելու իրավահարաբերության հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Նախ սկսենք նրանից, որ կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է`

1) արգելանքի տակ` նրան ձերբակալելիս և կալանավորելիս,

2) բժշկական հաստատությունում` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում` կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:

Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:

Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս:

Կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման հետ միասին նախատեսված է նաև որոշակի սահմանափակումներ: Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել`

1) 1 տարին,

2) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց:

Վերոհիշյալի հետ միաժամանակ դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:

Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը կատարվում է որոշակի ընթացակարգով: Այսպես, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում: Այն դեպքում, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է նրա կամ նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ, ապա համապատասխան միջնորդությունը դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող է դատարան ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով: Քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելիս դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply