Հայաստան ուղղվող դրամական փոխանցումներն աճել են 19 տոկոսով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 16, 2012 15:10

 Հայաստանում հատկապես վերջին 3 տարիների ընթացքում կտրուկ աճ է արձանագրվել էլեկտրոնային գործարքների բնագավառում, որի մեջ իրենց մասնաբաժինն ունեն նաև դրամական փոխանցումները: Հիմնական երկրները, որտեղից ամենամեծ դրամական հոսքերն են ուղղվում Հայաստան, ՌԴ-ն է, ԱՄՆ-ն և Ղազախստանը:

Վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների համաձայն` 2011 թ. ընթացքում Հայաստանում կոմերցիոն դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն ավելացել է  13,7 տոկոսով: Հայաստանից փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 5 տոկոս, իսկ դեպի Հայաստան՝ 17,5 տոկոս: Ինչ վերաբերում  դրամական փոոխանցումների ընդհանուր քանակին, ապա անցած տարի դրանք աճել են մոտ 19 տոկոսով:

Հայաստանն առհասարակ դրամական փոխանցումներ ընդունող երկիր է, և երկիր մտնող փոխանցումների ծավալը 2-2,5 անգամ գերազանցում է երկրից դուրս եկող փոխանցումների ծավալը:

Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները հիմնականում իրականացվում են երկու եղանակով՝  բանկում հաշիվ բացելով՝ SWIFT համակարգով և առանց հաշվի բացման: 2005-2011 թթ. SWIFT համակարգով փոխանցումների բաժինը Հայաստանի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում նվազել է թե՛ ծավալով, թե՛ քանակական առումով: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ  Օլեգ Աղասյանի պարզաբանմամբ` դա բացատրվում է նրանով, որ Հայաստանում բավական աճել է դրամական փոխանցումների մրցակցությունը, ինչը և հանգեցրել է ծառայությունների դիմաց գանձվող միջնորդավճարների նվազմանը, համակարգերի սպասարկման կետերի ավելացմանը և աշխարհագրական ընդլայնմանը:

Առանց հաշվի բացման փոխանցումներն այժմ կազմում են 67 տոկոս, իսկ երկիր մտնող փոխանցումների ընդհանուր թվի 78 տոկոսը բաժին է ընկնում SWIFT փոխանցումների համակարգին: Օլեգ Աղասյանի տեղեկացմամբ, առանց հաշվի բացման դրամական փոխանցումները կարևոր նշանակություն ունեն երկրի տնտեսության համար, ուստի ԿԲ-ն մեծ ուշադրություն է  դարձնում դրամական փոխանցումների համակարգի արդյունավետ աշխատանքին:

ՀՆԱ-ի մեջ դրամական փոխանցումների ընդհանուր աճը կազմում է  25-27 տոկոս, իսկ դեպի Հայաստան ուղղվող դրամական հոսքերինը`  17-18 տոկոս:

Ըստ ՌԴ բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանի` այժմ ՀՀ կառավարության առջև խնդիր է դրված բարձրացնել էլեկտրոնային գործարքների կիրառության մակարդակը, ոչ միայն վճարային, այլև մյուս գործարքների առումով: Որքան մեծանա  էլեկտրոնայն գործունեության դերը, այնքան հանրության շրջանում կավելանան տեղեկատվության հասանելիությունն ու փոխանակումը, հաճախորդների թիվը, ինչը հնարավորություն կտա տեղեկանալու ցանկացած քաղաքացու տնտեսական գործունեությանը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

«Յունիսթրիմ»  վճարահաշվարկային համակարգի ղեկավար Սուրեն Հայիրյանի համոզմամբ`  թեպետ առկա մրցակցության պատճառով իրենց մասնաբաժինը դրամական փոխանցումների համակարգում փոքր-ինչ նվազել է, իրենք ոլորտում դեռևս առաջատար են  և գործում են արդեն 11 տարի: Ըստ նրա` մրցակցությունը նպաստում է որակյալ ծառայությունների մատուցմանն ու արդյունավետության բարձրացմանը: Իսկ համակարգից դուրս մղվելը (խոսքը վերաբերում է համակարգից դուրս մղված «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգի գործունեության դադարեցմանը) կամ նոր ընկերության մուտքը, նրա կարծիքով, չի կարող լուրջ իրարանցում առաջացնել շուկայում, քանի որ մոտ 20 վճարահաշվարկային համակարգեր ակտիվ գործունեություն են ծավալում նաև մեր երկրում, ինչն արդեն իսկ մրցակցության լավագույն նախադրյալ է:

Օրեր առաջ Երևանում բացվել և արդեն գործում է  ռուսաստանյան «Դիասոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որը ֆինանսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն լուծումների մշակմամբ և ծրագրային ներդրումների ապահովմամբ զբաղվող առաջատար ընկերություններից  է ՌԴ-ում: Ընկերության ներկայացուցչության նպատակը նոր ժամանակակից տեխնոլոգիաների ծառայությունների շուկայում մրցակցության մեծացումն  է: Ընկերության մասնաճյուղը նպատակ ունի իրականացնել բանկային գործառույթներ, որոնք պահանջված կլինեն  շուկայում: Նշենք, որ «Դիասոֆթը» Ռուսաստանում գործում է 1991-ից և  մասնաճյուղեր ունի Մեծ Բրիտանիայում, Չինաստանում և Ուկրաինայում:

Լ.Ն

Դիտվել է 2043 անգամ:
Print Friendly

Leave a Reply