Աբխազիայով Ռուսաստանն ավելի մոտ է

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 19, 2012 13:04

Վրացաբխազական երկաթուղային ճանապարհի բացումը Հայաստանի տնտեսության համար  նոր հնարավորություններ կբերի:

Վրաստանի նորընտիր իշխանությունները պատրաստակամություն են հայտնել վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Վրաստանի եվրաինտեգրման հարցերով նորանշանակ պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին նշել էր, որ Աբխազիայի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը լինելու է Բիձինա Իվանիշվիլու կառավարության առաջնահերթությունների թվում:

 Սա շատ կարևոր իրադարձություն է նաև Հայաստանի համար: Նախ` գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմանները փակ են չորս հարևաններից երկուսի հետ: Իսկ մյուս երկուսից Իրանի հետ երկաթուղային հաղորդակցություն չունենք, քանի որ Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերը կապվում են Նախիջևանի միջոցով, որը, բնականաբար, անկախությունից ի վեր չի գործում: Հետևաբար, երկաթուղային հաղորդակցություն աշխարհի հետ Հայաստանը պահում է միմիայն Վրաստանի միջոցով:

Վրաստանով Ռուսաստանի, հետևաբար նաև աշխարհի երկաթուղային ցանցին միանալու համար կա երկու ուղի. մեկը` Վրաստան-Ռուսաստան անմիջական սահմանով, մյուսը` Վրաստան-Աբխազիա: Առաջին ուղղությունը, համեմատած երկրորդի հետ, ավելի երկար է, որպեսզի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները միանան Ռուսաստանի երկաթգծերի համակարգին, իսկ երկրորդը չի շահագործվում վրաց-աբխազական շուրջ 20-ամյա հակամարտության պատճառով: Եվ այս դեպքում մեկ լրացուցիչ ուղղության բացումը, մանավանդ որ Հայաստանն ավելի կարճ ճանապարհով կարող է կապվել Ռուսաստանի և Աբխազիայի` սևծովյան ափամերձ շրջանների և նավահանգիստների հետ, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսության համար:

Աբխազական երկաթգծի գործարկումը բխում է Հայաստանի շահերից

Այս մասին օրեր առաջ Հայաստանի գործարարների միության նախագահ և «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանն ասել է «Արմենպրես» գործակալությանը: Այն կնպաստի ապրանքների գների նվազմանը, հայ-ռուսական կապերի ամրապնդմանը և բարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: «Եթե աբխազական երկաթգիծը բացվի, և բացի ուղևորներից, տեղափոխվեն նաև բեռներ, ապա մեր կապը ռուսական շուկայի հետ ավելի ամուր կլինի, տարիֆներն ավելի մատչելի կլինեն, քան լաստանավային փոխադրումների դեպքում, և դեպի ռուսական շուկա ներկրում-արտահանումը կէժանանա»,- ընդգծել էր Արսեն Ղազարյանը:

Ներկայումս դեպի կովկասյան նավահանգիստներ ցամաքային ճանապարհով և այնուհետև Փոթի նավահանգստով բեռների տեղափոխումն ավելացնում է մեր փոխադրման տարիֆները, քանի որ այս դեպքում ավելանում են ցամաքային տրանսպորտից բեռնաթափման, այնուհետև ջրային տրանսպորտ բարձման ծախսերը, դրանից բացի, ավելանում է նաև նավի կամ լաստանավի ծախսը և այլն: Ավելանում են նաև բեռնաթափման-բեռնման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակը, ձևակերպումները և այլն, որոնք գործարարների համար հույժ կարևոր ցուցանիշներ են:  Իսկ ուղիղ գծով, այսինքն` միանգամից Աբխազիայով բեռները տեղափոխելու դեպքում այդ կարգի ավելորդ ծախսերը վերանում են: Բացի տարիֆային հարցերի լուծումից, վերանում են նաև քաշքշուկները Վրաստանի տարածքում՝ կապված նավի բեռնաթափման և այլ հարցերի հետ, ինչը, անշուշտ, շոշափելի օգուտներ կբերի Հայաստանին:

Ու ահա հարց է առաջանում. եթե վրացական կողմը վերջնականապես կամք դրսևորի և խոստումներից անցնի կոնկրետ գործերի, պատրա՞ստ է արդյոք հայկական կողմն անմիջապես ձեռնամուխ լինել նոր բացված հնարավորության կիրառմանը: Հայաստան-Ռուսաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցության բացակայությունը պայմանավորված է Վրաստան-Աբխազիա երկաթուղային կապի բացակայությամբ: Ներկայումս Աբխազական երկաթուղին կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից, որը կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում շահագործում է նաև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները:

«Այն պահից, երբ վերականգնվի վրացական երկաթուղու կապն աբխազականի հետ, Հարավկովկասյան երկաթուղին տեխնիկապես պատրաստ է սկսելու երկաթուղային հաղորդակցությունը: Այժմ ընթանում է Աբխազական երկաթուղու ենթակառուցվածքների ու շարժակազմի լայնածավալ վերանորոգումը: Այսպիսով, վերջին 2 տարիների ընթացքում վերականգնվել են մի շարք երկաթուղային չվերթներ: Դրանց թվում են ՍուխումՍոչին և ՍուխումՄոսկվանՌուսական երկաթուղիների կառավարմանը հանձնվելուց հետո Աբխազական երկաթուղին ստացել է մոտ 600 միավոր մասնագիտացված շարժակազմ, Աբխազիա է գործուղվել ավելի քան 500 մասնագետԵրկաթուղու աբխազավրացական հատվածի բացումը ռազմավարական առումով  կարևոր է Հայաստանի համար. այն կլինի Ռուսաստան տանող ամենակարճ և էժան ճանապարհը»- ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը:

Իհարկե, Ռուսաստան ասելով պետք է հասկանալ ոչ թե աշխարհագրական սահմանները, այլ Ռուսաստանի` տնտեսական հետաքրքրություն ներկայացնող շրջանները, հատկապես` երկաթուղային, ավտոտրանսպորտային կարևոր հանգույցներն ու սևծովյան նավահանգիստները: Իսկ ներկայումս Հայաստանի գնացքները Վրաստանով անցնում են` շրջանցելով Աբխազիան:

Մի հարց էլ կա. ոչ ոք հաստատ ու հստակ չի կարող նշել, թե ինչքանով էժան կլինեն Աբխազիայի տարածքով երկաթուղային փոխադրումները, դա կախված է ճանապարհի երկարությունից, Աբխազիայում կիրառվող մաքսային և սակագնային քաղաքականությունից և այլն, բայց որ դրանք հաստատ ավելի էժան կլինեն ներկայիս գներից, կասկած չկա:

Ամեն դեպքում այս հարցում Հայաստանից, կարծես, բացի պատրաստվելուց, այլ բան կախված չէ, և հարցի լուծումը մնում է վրացական իշխանությունների հայեցողությանը:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply