«Հայ գրքի պատմություն». լավագույն նվերը հայ տպագրության 500-ամյակի առթիվ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 20, 2012 13:02

2012 թ. հոբելյանական տարեթիվ է ողջ հայ ժողովրդի համար: Տոնում ենք հայ տպագիր գրքի 500-ամյակը: Այո, փառավոր տարիք, որը ևս մեկ անգամ վկայում է հազարամյա հայկական մշակույթի ողջ խորությունը: Տարիք, որը վկայում է, որ երբ շատ ազգեր դեռևս գոյության սաղմնավորման մեջ էին, հայ ժողովուրդն արդեն գիտեր գիր ու գրականության գինը:

Սակայն 2012-ը ևս մի կարևոր հոբելյանական տարեթիվ է՝ նշում ենք հայ գրքի պատմության մեծ երախտավորներից մեկի՝ մեծանուն հայագետ Ռաֆայել Իշխանյանի 90-ամյակը: Ցավոք, այսօր նա մեզ հետ չէ, սակայն նոր սերնդին հիանալի հնարավորություն է տրվել իր սեղանին դնելու նրա մեծարժեք գրքերից մեկը՝ «Հայ գրքի պատմությունը», որն իր ընդգրկումով դեռևս գերազանցված չէ:

«Հայ գրքի պատմությունը, պայմանավորված այն հանգամանքով, որ հայ գրատպությունն իր սկզբնավորման առաջին ավելի քան երեք դարերի ընթացքում զարգացել է առավելաբար հայ գաղթավայրերում, պահանջում էր պատմության այնպիսի համակարգված շարադրանք, ուր տպագրության ընթացքը ներկայացվեր միաժամանակ թե՛ ըստ երկրների, թե՛ ըստ ժամանակագրական ընթացքի և թե՛ ըստ թեմատիկ խմբավորման: Այս երեք սկզբունքների ներդաշնակ զուգակցմամբ հայկական տպագրության ուսումնասիրումը կատարեց Ռաֆայել Իշխանյանն իր ուսումնասիրություններով»,- ասում է գրականագետ Վարդան Դևրիկյանը:

Նա պատահական չի համարում նաև այն, որ ի տարբերություն իր նախորդների, Իշխանյանն իր աշխատանքը վերնագրել է ոչ թե «Հայկական տպագրության պատմություն», այլ «Հայ գրքի պատմություն»:

«Հայկական տպագրություն արտահայտությունն ավելի շատ վերաբերում է գրքարվեստին և ընդհանրապես՝ տպագրության արվեստին, այնինչ, տպագիր գրքի պատմությունը ենթադրում է պատմա-մշակութային առավել լայն ընդգրկում, որը գտնում ենք Իշխանյանի գրքում»,- բացատրում է նա:

Ուրույն է Իշխանյանի մտածողությունը, և ինչպես հասարակական ընդունված չափանիշներից դուրս մտածող յուրաքանչյուր անհատի դեպքում, նա նույնպես երբեմն չի հասկացվել: Անցել են տարիներ, տասնամյակներ, և նրա սկզբունքները դարձել են անկախ Հայաստանի ազգային արժեհամակարգի հիմնասյուները:

«Ինչպես որ մեր առաջին տպագրիչներն են անհուն զոհողությունների և զրկանքների գնով իրականացված հրատարակություններով ծառայել հայրենի երկրի գալիք օրերի իրենց երազային ըմբռնմանը, այնպես էլ Իշխանյանի՝ հայ գրքարվեստին և մեր առաջին տպագրիչներին տրված  բնորոշումներում  երևում է, թե որն է Հայրենիքի հարատևության ու ազգային նկարագրի ըմբռնումը»,- ասում է Դևրիկյանը:

Գրքի ամենածավալուն բաժինը նվիրված է Հակոբ Մեղապարտին: Գրքի կարևոր նորությունն էլ այն է, որ հնատիպ գրքերը վերլուծվում են ոչ միայն տպագրական արվեստի տեսանկյունից, այլև իրենց բովանդակության: Բացի այդ, սահմանվում և բնորոշվում են միջնադարյան այն ժողովածուներն ու եկեղեցական գրքերը, որոնք դարձել են հայկական տպագրության առաջնեկները: «Այսպիսով, հայ հնատիպ գիրքը դիտվում է իր ամբողջության մեջ՝ իմաստա-բովանդակային քննությունից մինչև գրքարվեստ և տպագրության տեխնիկական հատկանիշներ»,- նկատում է գրականագետը:

Ռաֆայել Իշխանյանի այս աշխատությունը նրա տասնյակ տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որը բոլորովին նորովի է ներկայացնում հայ գրքի պատմությունը: Հենց այդ հետևողական ջանքերի շնորհիվ է Իշխանյանը, օրինակ, որոշել Մեղապարտի հրատարակությունների հերթականությունը՝ «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար» և «Տաղարան»: Այս հերթականությունն այժմ ընդունվում է բոլոր հետազոտողների կողմից:

Իր գրքում Իշխանյանը վեր է հանել տարբեր տպագրիչների և տպարանների գործունեությունը, հայ մշակույթում նրանց տեղն ու դերը: Նա ներկայացրել է այն ազգային միասնական գործունեությունը, որն իրականացրել են հայ տպագրիչները՝ չխորացնելու հայության մեջ դավանաբանական տարբերությունը և ընդունելի լինելու բոլորի համար:

«35 տարի անց այս գիրքը չի կորցրել ոչ միայն գիտական, այլև ազգային-հասարակական այժմեականությունը,- ասում է Դևրիկյանը:- Ավելին, նրանում արծարծված մատենագիտական մասնագիտական բնույթի և հասարակական հնչեղության հարցադրումներին իրենց հաստատումը գտան հաջորդող տասնամյակների ընթացքում»:

Այո, վստահ կարող ենք ասել, որ եթե այսօր հպարտանում ենք հայ գրքի փառահեղ պատմությամբ, այդ հպարտության համար պարտական ենք նաև Ռաֆայել Իշխանյանին, քանի որ նա՛ էր, որ ի մի բերեց և վավերացրեց այդ հարստությունը՝ լուրջ գիտական հենքի վրա դնելով:

Ռաֆայել Իշխանյանի մահով հայ գրքագիտությունը մեծ կորուստ կրեց՝ հատկապես, որ նա չհասցրեց գրել «Հայ գրքի պատմության» երկրորդ և երրորդ հատորները: Սակայն նրա հեղինակությամբ լույս տեսած ավելի քան 50 անուն գրքերն ու հոդվածները, որոնք վերաբերում են մատենագիտության, հայ գրքի պատմության, ժամանակակից հայերենի, հայոց լեզվի պատմության, հայ գրականության և հայոց պատմության հարցերին,  խորը հետք են թողել այդ ոլորտներում:

Իսկ հայ գրքի պատմության ոլորտում, ցավոք, նրա գործի շարունակող առայժմ չկա: Այդ պատճառով մեծ հայագետի այս աշխատությունն անգնահատելի է դառնում` ամրապնդելով այն համոզմունքը, որ այն պետք է դառնա ուղենիշ և չափանիշ նորօրյա բանասերների և հայագետների համար, որոնք փորձում են մուտք գործել հայ գրքի բազմադարյան, բարդ ու խորունկ աշխարհ:

Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ պատանի, յուրաքանչյուր հայ երիտասարդ սերտի Իշխանյանի դասը` հայ ինքնության պահպանման դասը: Իշխանյանի համար այն պարզապես հռետորական հայտարարություն չէ, այլ կենսակերպ, որն արտահայտվում էր նախ և առաջ հայոց լեզվի, հայոց պատմության, հայ գրականության հանդեպ իր անբեկանելի սիրով, նվիրումով,  անկեղծ պաշտամունքով ու երկյուղածությամբ:

Հենց այդ զգացումներով ու մոտեցմամբ էլ ստեղծվել է Ռաֆայել Իշխանյանի «Հայ գրքի պատմությունը», որի արժևորման լավագույն դրսևորումը կարող է դառնալ այն ընթերցելն ու յուրացնելը:

Դիտվել է 2078 անգամ:
Print Friendly

Leave a Reply