Պանիր արտադրող ընկերությունները վերսկսել են իրենց գործունեությունը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2012 14:03

Պանրի արտադրության ոլորտում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերված խախտումների արդյունքում արտադրական առանձին գործառույթների արգելանք ստացած 18 ընկերություններից 17-ն արդեն վերսկսել են իրենց գործունեությունը: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարատյանը, վերջիններս իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները խախտումներն ու թերությունները վերացնելու համար: Անդրադառնալով աղիքային ցուպիկի մանրէներին` նա նշել է, որ դրանք կայուն են աղի նկատմամբ: «Ստուգման ընթացքում և արդյունքում արտադրողների կողմից ոչ մի բողոքարկում չի եղել: Նրանց տրվել է մաքսիմալ աջակցություն թե թղթային, թե էլեկտրոնային տարբերակներով իրենց անհրաժեշտ իրավական ակտերի և նորմերի սահմանումների վերաբերյալ»,-ասել է Ա.Արարատյանը:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է պանրի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: Նա նշել է, որ ոլորտի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև արտահանման ծավալները մեծացնելու նպատակով 2009թ. ստեղծվել է Հայկական պանիր ընկերությունը: Ըստ բանախոսի` այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. ձևավորվել է ընկերությունը, վեբկայքը, պետական աջակցությամբ այն ստացել է Ռուսաստանի շուկա պանիր արտահանելու թույլտվություն, հնարավորություն: «Զարգացման գործակալության կողմից այս երեք տարիների ընթացքում ընդհանուր ներդրումը ընկերության կառավարման և զարգացման ուղղությամբ կազմել է մոտ 3 մլն դրամ»,-ասել է Ռ.Հարությունյանը: Ըստ նրա` գործակալությունն իրականացրել է երկու խմբաքանակի արտահանում` 5 տոննա և 20 տոննա: Բանախոսի խոսքով` որևէ խնդիր չի եղել արտահանված պանրի որակի առումով և այն իրացվել է ռուսական շուկայում:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն նշել է, որ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն են տվել ավելի խորն ուսումնասիրել շուկայի և ոլորտի խնդիրները:
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանն էլ ներկայացրել է կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը: Նա նշել է, որ դրանով նախատեսվում է վերացնել ոլորտում գործունեություն ծավալելու համար տրվող երեք արտոնագիր, էականորեն կրճատել ռադիոհաճախականությունների օգտագործման, համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության տրամադրման փաստաթղթերը:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply