Ակնհայտ անարդարությո՞ւն, թե՞ զավեշտ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 21, 2012 7:00

Որպես կանոն, տարբեր երկրներում ֆուտբոլի գավաթային մրցաշարերը գրավիչ պայքարում են անցնում, քանի որ դրանց մասնակցում են տարբեր խմբերում հանդես եկող թիմեր: Եվ երբեմն էլ անհավանական թվացող արդյունքներ են գրանցվում:

Մինչդեռ հայկական ֆուտբոլում նման եռուզեռ չկա: Բավական է միայն այն փաստը, որ մասնակցում են սակավաթիվ ակումբներ, ընդամենը` 9:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8 թիմերին միանում է առաջին խմբի առաջատարը: Սա էլ հարաբերական է, քանի որ Հայաստանում չի անցկացվում բարձրագույն խմբի փոխարինողների մրցաշար, փոխարենն առաջին խմբի առաջնությանը մասնակցում են ակումբների «դուստր» կոչվող թիմերը: Եվ ստացվում է, որ եթե անգամ մեկ «չուժոյ» թիմ է խաղում այդ առաջնությունում, ապա այն, անկախ զբաղեցրած տեղից, առաջատար է, մասնակցելու է գավաթի խաղարկությանը, նաև հաջորդ տարի հանդես է գալու բարձրագույն խմբում:

Եվ ահա Հայաստանի առաջին խմբի առաջնությունում Աբովյանի «Քինգ դելյուքսի», մրցաշարի կեսից դուրս գալուց հետո այդպիսին է Մարտունու «Ալաշկերտը»: Այս թիմն էլ պետք է մասնակցի գավաթային մրցաշարի: Ի պատիվ այդ ակումբի է, որ Հայաստանի գավաթային ստուգատեսը 1/8 եզրափակչից է, ընդ որում, այս փուլում միայն մեկ զույգի մրցամարտ է: Ըստ կանոնակարգի` առաջին խմբի ներկայացուցչի մրցակիցը պետք է լինի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում վերջին տեղը զբաղեցնող ակումբը: Վիճելին այն է, որ այդ անհաջողակն է համարվել «Բանանցը»:

Վիճակահանությունից առաջ հարաբերական էր թիմի այդպիսի դիրքում հայտնվելը: Բանն այն է, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության կազմակերպիչները հաճախակի են կամայականորեն խաղացանկում փոփոխություններ կատարում, և վիճակահանության ժամանակ «Բանանցն» անցկացրած 26 խաղից հետո վերջին տեղում էր: Մինչդեռ մեկ հորիզոնական վերև գտնվող «Արարատը» մեկ խաղ ավելի էր անցկացրել և  այդպիսի հնարավորություններով 3  միավոր ավելի ուներ:

Ընդ որում, այս անարդար իրավիճակի մասին ահազանգերը մինչև  գավաթի խաղարկության վիճակահանությունն էին հնչեցվել, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկվեց:

Եվ «Բանանցն» ակամա  անցանկալի վիճակում է: Քիչ է, որ թիմը Հայաստանի առաջնությունում անահաջող է հանդես գալիս, այժմ էլ ստիպված է, ի տարբերություն բարձրագույն խմբի մյուս թիմերի, գավաթային լրացուցիչ երկու խաղ անցկացնել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդպես էլ չկարողացավ լուծել իր իսկ ստեղծած այս գլուխկոտրուկը:

Եվ ահա, ըստ վիճակահանության, «Բանանց»-«Ալաշկերտ» զույգի հաղթողը կորոշվի այս ամսվա վերջին` նոյեմբերի 28-ին կայանալիք երկու թիմերի երկրորդ հանդիպումից հետո: Իսկ քառորդ եզրափակչում հաղթողը մրցելու է «Գանձասարի» հետ: «Ուլիս» – «Միկա» հակամարտության հաղթողն առաջին խաղում կհյուրընկալի «Շիրակ» – «Արարատ» զույգի հաղթողին, իսկ «Փյունիկ» – «Արարատ» զույգի հաղթողը` «Բանանց»/«Ալաշկերտ» – «Գանձասար» դիմակայության հաղթողին: Հանդիպումները կկայանան 2013-ի մարտի 2-3-ին և 12-13-ին:

Ի դեպ, երեկ կայացած «Բանանց» -«Ալաշկերտ» հանդիպումում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ետնապահը 1/8 եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել առաջին խմբի առաջատարին:

 

 

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply