Մաշկի և լորձաթաղանթի հերպես

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 20, 2012 7:09

Ընդհանուր տեղեկություններ

Հերպեսն այն է, ինչ ժողովուրդն անվանում է «մրսածություն»` կամ «ներս գցած ջերմություն»:

Համաճարակաբանական հետազոտությունների համաձայն`   հերպեսի տարածվածությունը շատ մեծ է: 40 տարեկանին մոտ մարդկանց 90%-ից ավելին ուենում է այդ վարակի հակամարմիններ, կնշանակի, որ մարդն առնվազն մեկ անգամ  գործ ունեցել է հերպեսի հետ: Հիվանդության ընթացքի ծանրությունը կախված է մարդու իմունիտետից: Հասարակ հերպեսի մանրէն կարող է ախտահարել մաշկը, լորձաթաղանթը, նյարդային համակարգը, ինչպես նաև` ներքին օրգանները:

Առաջացման պատճառները

Վարակի աղբյուրը հերպեսի թարմ ցանով հիվանդներն են ու վարակակիրները: Դրա  համար բավարար է վարակի մասնիկների հայտնվելը մաշկին կամ էլ լորձաթաղանթին, այն փոխանցվում է նաև վարակված իրերից` սպասքից, անկողնային սպիտակեղենից, խաղալիքներից, սրբիչից:

Իսկ սեռական օրգանների հերպեսը փոխանցվում է սեռական  ճանապարհով: Մարդկանց մեծ մասը սեռական օրգանների հերպեսով  վարակվում է սեռական կյանքի ընթացքում:

Հատուկ ուշադրության է արժանի բնածին հերպեսը, որը պայմանավորված է  պտղի ներարգանդային վարակով. սա տեղի է ունենում հղիության ժամանակ մոր  արյան մեջ հերպեսի հայտնվելու հետևանքով:

Հերպեսի ախտանշանները

Հերպեսն ունի գաղտնի շրջան, որը տատանվում է 1-26 օրվա մեջ:

Հասարակ հերպեսի ժամանակ հաճախ ախտահարվում է  դեմքի մաշկը` շուրթերի անկյուններում, ռունգերի մոտ, բերանի խոռոչում: Հազվադեպ է պատահում , որ հերպեսի ցանը հայտնվի ճակատին, այտերին, ականջներում, գոտկատեղին, սեռական օրգանների շրջանում, մատների վրա:

Մինչ հերպեսի հայտնվելը կարող է առաջանալ  մաշկի կամ լորձաթաղանթի այտուց, քոր, այրոցի զգացում կամ նյարդային գրգռվածություն խնդրահարույց տեղում: Ապա ախտահարված տեղում առաջանում են թափանցիկ հեղուկով բշտիկների գաղութներ, որոնք հիմքում բորբոքված են: Մի քանի օրից այդ հեղուկը պղտորվում է, բշտերը պատռվում են, ու դրանց տեղում  կեղևակալած խոցեր են առաջանում: Բացի տեղային արտահայտությունից, հերպեսն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, տկարությամբ, երբեմն էլ` բարձր ջերմությամբ: Այս  էպիզոդը տևում է 12 շաբաթ: Սակայն սրանով այն չի վերջանում: Հերպեսի վարակի առանձնահատկությունն այն է, որ կարող է ներթափանցել նյարդաթելեր ու այնտեղ գոյատևել երկար ժամանակ, քնած վիճակում: Դրանով է բացատրվում նահանջող ու ժամանակ առ ժամանակ հայտնվող հերպեսը: Ու որպես կանոն, հերպեսի  հայտնվելը ոչ թե նոր վարակի, այլ քնածի արթնանալու հետևանք է :

Ախտորոշումը

Հիմնականում բժիշկը կարող է ախտորոշում անել առանց լրացուցիչ հետազոտության` հիմնվելով ցանի տեսքի վրա:

Ավելի բարդ դեպքերում կարող է պահանջվել  բշտերի վարակաբանական հետազոտություն կամ էլ   արյան անալիզ:

Բուժումը

Ի՞նչ կարող եք անել ինքներդ

Գործնականում, յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ հերպես ունեցել է: Ու հասկանալի է, որ այդ մեկ անգամի կամ էլ այդ «անլուրջ» ցանի համար դժվար թե բժշկին դիմի, առավել ևս, որ ինչպես ժողովուրդն է ասում, դա ընդամենը մրսածության հետևանք է: Ու դիմանում է 1-2 շաբաթ, քանի որ, ուշ թե շուտ դրանք անհետանում են: Այս դիրքորոշումը մասնագետները ճիշտ չեն համարում: Նրանք գտնում են, որ առաջին անգամ գրագետ բուժվելու դեպքում այն երբեք չի կրկնվի:

Կանխարգելումը

Որպես կանխարգելման միջոց` առաջարկվում է խուսափել վարակակիրների հետ սերտ շփումից ու, սեռական հերպեսից պաշտպանվելու նպատակով, օգտվել պահպանակներից:

Հաճախ հերպես է առաջանում տարվա ցուրտ եղանակին, երբ օրգանիզմի պաշտպանական ուժերն այնքան էլ ուժեղ չեն: Երբեմն հերպեսն այլ վարակիչ հիվանդությունների հետ միաժամանակ է հայտնվում (գրիպ, պնևմոնիա): Որպես ինքնուրույն հիվանդություն տարբերում են պարզ հերպես և գոտևորող հերպես կամ էլ որքին:

Ժողովրդական միջոցներ

0,5 բաժակ յոգուրտին խառնել 1 թեյի գդալ լուծվող սուրճ: Ավելացնել 2 պճեղ մանրացրած սխտորի , 1 ճաշի գդալ մեղր ու եգիպտացորենի ալյուր: Բոլորը խառնել ու քսել ախտահարված մասերին: Երբ խառնուրդը չորանա ու ընկնի, կրկնել նույնը: Սա թերևս այնքան էլ էսթետիկ միջոց չէ, սակայն լավ արդյունք է տալիս:

Հարկավոր է վիտամինային թեյեր խմել կամ էլ հալվեի հյութ` 1 թեյի գդալ, 2-3 անգամ, ուտելուց առաջ: Բացի այդ, հալվեի հյութ քսել ախտահարված տեղին:

5 գ եղեսպակի վրա (շալֆեյ) եռացրած ջուր լցնել, թրմել 20 րոպե, սառեցնել ու քամել: Ստացված թուրմով ողողել բերանը:

Ախտահարված տեղին քսել 100 գ մեղրից, 1 ճ/գդալ մոխրից ու 3 պճեղ սխտորից պատրաստված քսուք:

Դառը նուշի յուղ քսել (վաճառվում է դեղատներում):

Դաղձի թուրմով մաքրել ախտահարված մասը, 1ճ/գդալ չոր հումքի վրա մեկ բաժակ ջուր լցնել ու 15 րոպե եռացնել գոլորշու վրա, քամել ու օգտագործել:

Դիտվել է 9377 անգամ:
Print Friendly

Leave a Reply