Անորակ ապրանք՝ պետական գնումների միջոցով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2012 13:13

«Ներկայումս պետական գնումների համակարգով իրականացվող գրեթե բոլոր մրցույթներում հաղթող է ճանաչվում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, ինչի արդյունքում ձեռք են բերվում անորակ ապրանքներ»,- այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ ցածր գին որպես կանոն սահմանվում է վատ ապրանքի համար։ «Էլ ինչու ենք պետական գնում անում, եթե պետք է ամբողջ աշխարհից «բառախլոն» հավաքենք- բերենք Հայաստան»,- նշեց Կ.Վարդանյանը։ Վերջինիս փոխանցմամբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իրականացրել է «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագիրը, որի արդյունքում հստակեցվել են պետական ՏՀՏ կարիքների համար իրականացվող գնումների ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ միությունը 12 առաջարկություններ է ներկայացրել կառավարությանը: «Առաջարկում ենք սկզբում որակը գնահատել հետո միայն գնային խնդիրը: Կամ որակը գնահատել չափաբաժիններ մտցնել 70 տոկոս որակը, 30 տոկոս գինը»,- նշեց Կ. Վարդանյանը:

Ոլորտում առկա հաջորդ խնդիրն ըստ նրա` կապված է բողոքարկման համակարգի հետ. «անգամ ամենալավ կազմակերպված գնման գործընթացը կարող է բերել սխալների. խնդիր է առաջանում` ինչպես բողոքարկել այդ սխալները: Որպեսզի բողոքարկես, գնում ես այն մարմնի մոտ, որը հայտարարել է մրցույթը, այսինքն՝ դիմում ես Ֆինանսների նախարարություն»: Կ. Վարդանյանի խոսքով՝ բողոքարկումը ամենակարևոր կետն է, և աբսուրդ է այն հանձնել հենց այն մարմնին, որը հայտարարում է գնումները:

«Լրացուցիչ մարմին ստեղծելու կարիք չկա: Այդ գործառույթները պետք է դրվեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վրա, որպեսզի երկու գերատեսչությունների միջև մրցակցություն լինի, բողոքները տեղ հասնեն»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Ըստ նրա` ամենացավոտ կետը, որը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, մրցույթները չեղյալ հայտարարելու կետն է: «Մրցույթ է հայտարարվում, ընկերությունը ծախսեր է անում, առանձնացնում է աշխատողներ, հետազոտություն է իրականացնում, հնարավոր լուծումներ տալիս: Եթե հարմար ընկերություն չի հաղթում, ապա այդ մրցույթը չեղյալ է հայտարարվում: Եթե փոքր ձեռնարկություն է մրցույթին մասնակցում` մի քանի հարյուր հազարի վնաս է կրում»,- նշեց Կ. Վարդանյանը: Ըստ նրա` մրցույթի չեղյալ հայտարարման համար խիստ պահանջներ պետք է կիրառել: «Լուրջ հիմնավորումներ ներկայացնելու դեպքում միայն պետք է մրցույթը չեղյալ համարվի կամ մասնակից ընկերությունների ծախսերին փոխհատուցում պետք է տրվի»:

ԻՏՁՄ գործադիր տնօրենը նշեց, որ առաջարկությունների փաթեթն արդեն կառավարություն է ներկայացված, համապատասխան հանձնարարականները վարչապետի կողմից ուղարկվել են Ֆինանսների նախարարություն: «Սպասում ենք այդ հանձնարարականների կատարմանը»,- նշեց Կ. Վարդանյանը` հավելելով, որ առաջարկությունների հիմնական կետերը կարելի է իրականացնել վեց ամսվա ընթացքում:

«Փաստինֆո»

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply