Ընդդիմությունը կմիավորվի միայն Ծառուկյանի շո՞ւրջ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 16, 2012 8:00

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին օրերին կարծես հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունենում: Նախ` իրարից առանձին, բայց գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություններով հանդես եկան ԲՀԿն, ՀՅԴն և «Ժառանգությունը». խոսքը նրանց առաջարկած խորհրդարանի ձևավորման 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի և երկրի կառավարման խորհրդարանական` վարչապետական մոդելին անցնելու մասին է: Այս դրույթներին համաձայն լինելու մասին հանդես եկան նաև ՀԱԿականները: Եվ Հայաստանի ներքաղաքական դաշտում աշխուժացան խոսակցությունները, թե այս չորս քաղաքական ուժերն արդեն համախմբման ընդհանուր եզրեր ունեն:

Հաճախ շրջանառվում են նաև մտքեր, թե ընդդիմադիր ուժերը հանդես կգան միասնական թեկնածուով, համենայն դեպս  այդպես նրանց դիրքերն առավել ամուր կլինեն:

Սակայն մի քանի նրբություններ կան, որոնց արժե ուշադրություն դարձնել: «Քանի որ մեր քաղաքական ուժերը տարբերակվում են ոչ թե գաղափարախոսությամբ և նպատակներով, այլ իշխանության գալու մղումով, իսկ աթոռը մեկն է, նրանց միավորումը կարող է լինել իշխանության գալը որպես թիրախ-նպատակ դնելը, ապագա նախարարական պորտֆելների բաժանելը, և նման  հարցերի շուրջ նրանք կարող են միավորվել: Իսկ 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգին և երկրի կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու մասին հայտարարությունները կեղծ նպատակներ են, դրանք գաղափարներ չեն»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա դիտարկումներով` ամբողջ խնդիրն այն է, որ զրոների միավորումը զրո է տալիս: Իսկ այժմ խնդիր է դրված, թե Հայաստանի ուժերը քաղաքական քաշ ունեցող որ ուժի շուրջն են միավորվելու: Այդ պարագայում միավորվողները կստանան բավականին լուրջ հնարավորություններ` մասնակցելու իշխանությանը: Հետևաբար վճռորոշ դերն այժմ, ինչպես համոզված է Ահարոն Ադիբեկյանը, պատկանում է ԲՀԿ-ին` որպես ոչ իշխանական քաղաքական ուժի. չօգտագործենք ընդդիմադիր բառը:

«Եվ նա ունի երեք հնարավորություն, որոնք խիստ հավանական են` վերադառնալ կոալիցիա և մնալ իշխանության մեջ` սեփական հզորությունը ուժեղացնելով, լինել անկախ երրորդ ուժ և ինքնուրույն առաջադրել նախագահի սեփական թեկնածու և փորձել գալ իշխանության, և երրորդ` միավորվել ընդդիմությանը: Այս միավորումն էլ ունի երկու տարբերակ` սատարել ընդդիմության այլ թեկնածուի, կամ ընդդիմությունը սատարի Գագիկ Ծառուկյանին: Այսպիսով, այս բոլոր տարբերակներն էլ կյանքի կոչվելու հավանականություն ունեն: Ամեն ինչ կախված կլինի Գագիկ Ծառուկյանից»,- նշեց սոցիոլոգը:

100- տոկոսանոց համամասնական ընտրակարգի և երկրի կառավարման խորհրդարանական մոդելի մասին խոսակցությունները Հայաստանում նորույթ չեն

 

Այս մոտեցումներն առաջարկվել են ՀՀ անկախացումից ի վեր` սկզբում` ՀՀ նախագահի և Գերագույն խորհրդի մասին օրենքների մշակման և ընդունման ժամանակ, հետո` 1995 թ. սահմանադրության ընդունման ժամանակ, այնուհետև` 2005 թ. սահմանադրական բարեփոխումների ժամանակ և այլն: Ինչ վերաբերում է ներկայիս առաջարկված «գաղափարների» ընդունման իրատեսությանը, ապա այդպիսի փոփոխություններ, որոնց ցանկությունն են հայտնել քաղաքական դաշտի մի քանի ուժեր և փորձում են հանդես գալ միասնական ճակատով, այդպիսի փոփոխությունները պահանջում են սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի համար նաև անհրաժեշտ է խորհրդարանական քվեարկություն:

«Ես չեմ կարծում, որ  թե՛ առաջին, թե երկրորդ հարցը ստանա դրական լուծում: Այսինքն` եթե մենք պրակտիկ տեսանկյունից մոտենանք այս հարցին, ապա քիչ հավանական է, որ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ցանկությունը ստանա դրական լուծում:  Ինչ  վերաբերում է  խորհրդարանական կառավարման ձևի անցնելու առաջարկին,  օբյեկտիվորեն դժվար է ասել, թե այսօր Հայաստանում խորհրդարանական կամ նախագահական կառավարման մոդելին անցում կատարելու անհրաժեշտություն կա: Բնականաբար, դա բխում է մի քանի կուսակցությունների շահերից, որոնք երևի քաջ գիտակցում են, որ խորհրդարանական մոդելում իրենք գուցե կարողանան մի քիչ ավելի ազդեցիկ մեխանիզմներ ունենալ քաղաքական որոշումների ընդունման ժամանակ: Սակայն կարելի է ասել, որ կիսանախագահական մոդելը, լինելով ավելի ճկուն կառավարման մոդել, պահպանում է այդպիսի հնարավորություն, այդ թվում նաև կոնստրուկտիվ ընդդիմության համար»,- ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Փորձագետի դիտարկմամբ` խոսքը խորհրդարանական ընդդիմության ուժերի միավորման և մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորության մասին է: Այս ուժերի ներսում կան որոշ հակասություններ, որոնք նույնիսկ միավորման դեպքում, կարող են հետագայում խնդիրներ առաջացնել: Այդպիսի խնդիրներից է, օրինակ, այն, որ ի հայտ  եկավ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միավորման դեպքում, իսկ այդպիսի խնդիրների ի հայտ գալը, առավել ևս` տարբեր քաղաքական ուժերի միջև, որոնք ունեն տարբեր քաղաքական և գաղափարական ուղղվածություն, չի կարելի բացառել: Ինչ վերաբերում է իշխանափոխության հասնելու միասնական ձգտմանը, ապա Ալեքսանդր Մարգարովին դա իրատեսական չի թվում: «Եթե խոսքը նեգատիվ կոալիցիայի մասին է, որն ուղղված է ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ինչ-որ բանի դեմ, ապա այդպիսի կոալիցիաներն առաջնային խնդրի լուծումից հետո տարրալուծվելու հատկություն ունեն: Այսինք` դժվար թե այսօր կարող ենք ենթադրել, որ նրանք հանդես կգան միասնական թեկնածուով. դա առաջին խնդիրն է: Երկրորդ` եթե նույնիսկ ստացվի հանդես գալ միասնական թեկնածուով, ապա նրանք ամեն դեպքում այդ միասնական թեկնածուով կհայտնվեն ընտրությունների թոհուբոհում, որտեղ միասնական թեկնածուի հաղթանակը հավանական չի թվում»,- նշեց նա:

Այս կարծիքին չէ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա չի բացառում, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» համատեղ հանդես գան նախագահական ընտրություններում: Սակայն «Ժառանգությունն» արդեն հայտարարել է, որ ընտրություններին  կմասնակցի սեփական թեկնածուով: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին, ապա Բոզոյանը ևս չի բացառում, որ նրանք սեփական թեկնածուներ ունենան, սակայն դաշտում, այնուամենայնիվ, կարծես ձևավորվում են միասնական մոտեցումներ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի և երկրի կառավարման խորհրդարանական մոդելի անցման հարցերի շուրջ:

«Այսինքն` ես կարծում եմ, որ եթե գալիք նախագահական ընտրություններում նույնիսկ միասնական թեկնածու չլինի էլ, ապա միասնական գործողություններ, այնուամենայնիվ, կլինեն: Դրա նախադրյալները հետևյալն են. մեծ հաշվով քաղաքացիներին միավորում են ոչ այնքան գաղափարները, որքան գոյատևման խնդիրները. գործող իշխանության պայմաններում այս քաղաքական ուժերը հասկանում են, որ իրենք ապագա չունեն: Այսինքն` գործող իշխանությունը ոչ մի շանս չի տալիս, որ նրանք քիչ թե շատ ազդեցություն ունենան  երկրի պետական կառավարման համակարգում: Իսկ այն, ինչ առաջարկում է ԲՀԿ-ն, շանս է բացում բոլորի համար, որպեսզի կարողանան իրենց մասնակցությունն ունենալ երկրի կառավարման համակարգում: Եվ կարծում եմ` հենց դա է հիմնական պատճառներից մեկը, որ կարող է քաղաքական դաշտի կոնսոլիդացիան կայանալ»,- հայտնեց Երվանդ Բոզոյանը:

Վաղուց գաղափարների շուրջ չեն միավորվում, այլ անհատների

Ընդդիմության միավորման համար մի շարք փորձագետներ որպես առանցքային  տարր են դիտում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածուի: Ծառուկյանի առաջադրվելու հավանականությունը, ըստ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանի, մեծ է, սակայն այն հարյուրտոկոսանոց չէ: Կարող է նաև այնպես պատահել, որ նրան կոտրեն, և նա չառաջադրվի:

«Ինձ թվում է, որ առաջին հնարավորությունն ավելի իրական է, քան երկրորդը, բայց դեռ վերջնականապես չի կողմնորոշվել: Երբ դա տեղի ունենա, այն ժամանակ էլ, որոշ ըննդիմադիր քաղաքական ուժերի կողմից խելամիտ կլինի  միանալ Ծառուկյանին, այլապես պատկերացնել, որ ՀՅԴ-ն կամ ՀԱԿ-ը կարող են նախագահական ընտրություններում ինքնուրույն ինչ-որ կարևոր դեր ունենալ, ինձ համար մի քիչ դժվար է: Ինչ վերաբերում է կառավարման մոդելի փոփոխությանը, ես այս հարցին թերահավատորեն եմ վերաբերվում, որովհետև դա գործիք է ընդդիմության համար, առաջին հերթին, միավորվելու նպատակով, որովհետև մենք ինչ-որ կերպ այդ բոլոր ուժերին միավորելու խնդիր ունենք, և երկրորդ` որպեսզի գոնե ինչ-որ գաղափարախոսական հիմք ստեղծվի միավորման համար: Որովհետև գործնականում ՀՅԴ-ի, Ծառուկյանի և ՀԱԿ-ի համար շատ դժվար է միավորվելը: Այստեղ ինչ-որ  գաղափարական բազա պետք է ստեղծվի: Դա խորհրդարանական հանրապետության մոդելի, ամեն դեպքում, չի հանգեցնի, դրանով ոչ  ոք հետաքրքրված չէ»,- ասաց Իսկանդարյանը:

Նրա դիտարկմամբ` խորհրդարանական կառավարման ձևի անցնելու ձգտումը շատ հաճախ ընդդիմության համար իշխանության հասնելու սիմվոլ է: Բայց նույնիսկ այն դեպքում, երբ այս մոտեցումներն են որդեգրված, երբ դրանք բարձրաձայնած ուժերը գալիս են իշխանության, խորհրդարանական կառավարման ձևի մասին խոսակցությունները վերջանում են:

«Այնտեղ, որտեղ իբրև թե հռչակված է  խորհրդարանական կառավարման մոդելը, օրինակ` Ուկրաինայում, իրականում այն չի գործում: Դա պատահականություն չէ, դա օրինաչափություն է, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելը կառավարման շատ բարդ և նուրբ համակարգ է, որն ի հայտ է գալիս զարգացման ինչ-որ փուլում: Իսկ այժմ խոսքը ոչ թե այդ համակարգի անցնելու մասին է, այլ փորձում են ինչ-որ կերպ ինչ-որ չափով էական մրցակցություն ստեղծել Սերժ Սարգսյանին: Որովհետև եթե Ծառուկյանը չառաջադրվի, Սերժ Սարգսյանը հավակնում է ընտրություններում խոշոր արդյունքների: Որովհետև եթե Ծառուկյանը չլինի, այն քաղաքական ուժերը, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ հավաքել են 5, 6 կամ 7 տոկոս քվեներ, ապա այդ չնչին տոկոսների միավորումը լուրջ արդյունքների չի հանգեցնի: Իսկ ռեալ մրցակցություն կստեղծվի միայն այն դեպքում, երբ ինչ-որ ուժեր համախմբվեն Ծառուկյանի կողքին»,- համոզված է «Կովկաս» ինստիտուտի տնօրենը:

Քաղաքական ավանդույթներ ունեցող երկրներում վաղուց գաղափարների շուրջ համախմբում չի կատարվում: Այնպես չէ, որ ինչոր տեղ դա կա, իսկ մեզ մոտ` ոչ: Սովորական ընտրողը չի հասկանում, թե  ինչով է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը լավ 75- տոկոսանոցից, որոնք  են նախագահական կառավարման ձևի առավելությունները կամ թերությունները: Բայց այսպիսի գաղափարներ արտահայտել  միանգամայն կարելի է և հարմար է: Այդպես արվում է Արևմուտքում, այդպես արվում է մեզ մոտ, և, առհասարակ ամենուր, որտեղ քաղաքականություն կա:

 

 

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply