Ազատուհի Մնացականյանի աշխատանքների ցուցահանդեսը Ազգային ժողովում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2012 20:12

Նոյեմբերի 14-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց լուսանկարչուհի Ազատուհի Մնացականյանի անհատական ցուցահանդեսը:
Ազատուհի Մնացականյանը լուսանկարիչ-դիզայներ է, «Նորեոն» ստեղծագործական կենտրոնի, դիզայներների միջազգային միության, ինչպես նաեւ Հայաստանի դիզայներների միության անդամ: Ստացել է բազմաթիվ մրցանակներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց երիտասարդ լուսանկարչուհու ֆոտոցուցահանդեսը՝ բարձր գնահատելով նրա ստեղծագործությունները:
Պատգամավորն ընթերցեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված Ազատուհի Մնացականյանի նամակը, որտեղ նա երախտագիտություն էր հայտնում ԱԺ նախագահին իր ստեղծագործություններն ուշադրության արժանացնելու եւ ԱԺ ցուցասրահում դրանք ներկայացնելու առաջարկն ընդունելու համար: Լուսանկարչուհին նշում է, որ ինքը ցուցադրության պատրաստ աշխատանքներ ունի, որոնք արտասահմանում եւ Հայաստանում մրցանակներ են ստացել, բայց ինքը նախընտրում է տպագրել եւ ԱԺ ցուցասրահում ներկայացնել հայ արվեստի երախտավորներին նվիրված լուսանկարների շարքը:
Ազատուհի Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ նա առաջինն էր, ով արձագանքեց իր նամակին: Լուսանկարչուհին տեղեկացրեց, որ երեք տարի այցելել է հայ անվանի մարդկանց արվեստանոցներ, բնական, աշխատանքային վիճակում լուսանկարել նրանց, որ սերունդները միշտ հիշեն մնայուն արժեքներ ստեղծող հայ երախտավորներին:
Ազատուհին հյուրերին ներկայացրեց նաեւ այն լուսանկարը, որը՝ որպես լավագույն փորձարարական աշխատանք, վերջերս ոսկե մեդալ է ստացել Տաշքենդի Բիենալեում:
Լուսանկարչուհին տեղեկացրեց, որ Տաշքենդի Բիենալեում ինքը ներկայացրել էր չորս պատմություն: Ընտրվել է լուսանկարներից մեկը, որը կոչվում է «Ազատազրկում»: Այդ մրցանակը նա համարեց նաեւ Հայաստանինը: «Մեծ հաղթանակ է, երբ լուսանկարդ հայտնվում է մի այնպիսի վայրում, որտեղ ներկայացված են նաեւ թուրք եւ ադրբեջանցի լուսանկարիչների գործերը, եւ հաղթում ես դու»,- ասաց Ազատուհի Մնացականյանը:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply