Վարչապետը` Քոչարյանի հայտարարության, ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների և 2013-ի բյուջեի նախագծի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2012 19:04

Խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողների խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական կարգին անցնելու վերաբերյալ վերջին հայտարարությունը:

Վարչապետի կարծիքով`  խնդրի լուծման լավագույն ձևը ԱԺ-ում քաղաքական բանավեճն է, որը և տեղի է ունեցել Հայաստանում համապատասխան օրենսգրքի վերջին փոփոխությունների ժամանակ:

«Մենք նոր ենք փոփոխել մեր Ընտրական օրենսգիրքը, և կարծում եմ` նախագահական ընտրություններից հետո հնարավորություն կունենանք կառավարման  համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ ԱԺ-ում և  լսել տարբեր տեսակետներ, բայց ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ և մեր օրակարգում առաջնահերթ հարց չէ»,-ասաց նա:

Լրագրողները վարչապետին կրկին հիշեցրին ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրի պատմությունը և հարցրին, թե արդյոք նա մնում է այն կարծիքին, որ հուշագիրն ուժի մեջ է` հիշեցնելով նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ընդդիմախոսությունն իր տեսակետի վերաբերյալ:

Վարչապետը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ նախորդ հարցազրույցից մինչև հիմա ի՞նչ է փոխվել»:

Վարչապետը կրկնեց այն միտքը, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ համախմբված է եղել մի հայտարարությամբ, որտեղ հստակ ամրագրված էր, որ այդ 3 կուսակցությունները, որոնք ստորագրել են այդ հայտարարությւնը, պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը 2013 թվականի ընտրությունների ժամանակ: «Եղե՞լ է, արդյոք, այդ 3 կուսակցություններից որևէ մեկի կողմից պաշտոնական հերքում,  որ նրանք հրաժարվում են այդ հայտարարությունից: Այդպիսի պաշտոնական հերքման ես ծանոթ չեմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական անդամի հայտարարությունները, թե այդ հուշագիրն այլևս ուժի մեջ չէ, վարչապետը չի ընդունում. «Մեր կուսակցությունում էլ մարդիկ անում են հայտարարություններ, որոնք իրար հակասում են»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուի առաջադրման հավանականությանը, ապա վարչապետն այն շատ փոքր է համարում:

2013 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետը վարչապետը կհայտնի վաղը խորհրդարանում` ամփոփիչ ելույթի ժամանակ: Սակայն նա զարմանում է, որ լրագրողները զարմանում են ընդդիմության քննադատությունից. «Բա ուզում եք, որ ընդդիմությունը մեզ չքննադատի, այլ գովերքի՞: Ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի, մենք շատ նորմալ ենք վերաբերում ընդդիմության քննադատությանը և այն գործիքակազմին, որ օգտագործվում է մեզ քննադատելու գործում»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով` ընդդիմության առաջարկների մեջ կան բազմաթիվ կառուցողական առաջարկներ, որոնք գրավոր ներկայացվելու դեպքում մանրամասն կքննարկվեն: Վարչապետը համոզված է, որ դրանց մի մասը կընդունվի:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply