Ինձ 90-ականները մի’ հիշեցրեք. Փաշինյանը արդարադատության նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2012 17:12

Ես Կառավարությանը հարց էի ուղարկել հասկանալու համար, թե ինչ է կատարվել Կառավարության 3-րդ մասնաշենքի հետ, խոսքը ԱԳՆ շենքի մասին է, և Հրայր Թովմասյանի ստորագրությամբ ստացել եմ պատասխան, որտեղ կա երեք իրականությանը չի չհամապատասխանոող պնդում»,- այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված իր հարցն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանն ու թվեց այդ երեք պնդումները:
«Առաջինն այն է, որ Հրայր Թովմասյանը իր պատասխանում պնդում է, որ տվյալ գործարքը քաղաքաշինական ծրագիր չէ: Ես ուզում եմ տեղյակ պահել կառավարությանը, որ քաղաքաշինության մասին օրենքի երկրորդ հոդվածի համաձայն շենքերի, շինությունների շահագործումը նույնպես քաղաքաշինական ծրագիր է, իսկ դա նշանակում է, որ քաղաքաշինական այդ ծրագրի իրականացման ժամանակ պետք է հանրությունը իրազեկ մասնակցություն ունենա: Երկրորդ, ես էլի ուզում եմ տեղեկացնել, որ համաձայն քաղաքաշինության մասին օրենքի, կառավարությունը պետք է կարգը հաստատեր: Եթե կարգը հաստատված չէր, նշանակում է` կառավարություրնը լավ չի աշխատել: Երրորդը, Հրայր Թովմասյանը իր պատասխանում պնդում է, թե մամուլի հրապարակումները նշանակում են, թե հանրությունը լիարժեք մասնակցություն է ունեցել գործարքին: Ուստի, հարցս հետևյալն է, թե ոնց են տեղի ունենում ընդհանրապես այդ շենքերի վաճառքները, ոնց եք որոշում, որ այդ շենքը պետք է վաճառել կամ պետք չէ վաճառել»,-հարցրեց Փաշինյանը:
ՀԱԿ պատգամավորի երկարաշունչ հարցին ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարն ասաց. «Եթե պարոն Փաշինյանի տրամաբանությամբ գնանք, ապա ՀՀ-ում տարեկան գրանցվող մի քանի տասնյակ հազար անշարժ գույքի առքուվաճառքի ձևակերպումները բոլորը պետք է դիտարկել որպես քաղաքաշինական ծրագրեր ևն պետք է համապատասխան լսումներով իրականացվեն: Ուստի ես այս առումով ասելիք չունեմ: Իսկ այն հարցին, թե ինչպես է որոշում կառավարությունը… Կարդացեք սահմանադրությունը, որտեղ գրված է, որ կառավարությունը տնօրինում, տիրապետում, օգտագործում, կառավարում է պետական սեփականությունը: Ուստի կառավարությունը կարող է ինքը որոշել, թե որքանով է, թե ինչպես տնօրինել իր սեփականությունը իր այս կամ այն կարիքները հոգալու համար»:
Հ. Թովմասյանը նշեց նաև, որ ինչ վերաբերում է հրապարակայնությանը, ապա դա կառավարության որոշմամբ է եղել, որևէ մեկի համար գաղտնիք չէ, հնարավոր է եղել լսելու նաև ոլորտի մասնագետներին ու նոր կատարել գործարքը: Բացի այդ, Թովմասյանն իր խոսքում հիշեց 90-ական տարիներին կատարվող նմանատիպ գործարքները, որը Փաշինյանին այնքան էլ դուր չեկավ:
«Պարոնայք մեծամասնության և կառավարության անդամներ, խնդրում է իմ հարցերին ի պատասխան ինձ 90-ականները մի’ հիշեցրեք, որովհետև նույն կառավարության և ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներից շատերը նույն կերպ քննադատում էին իշխանությանը»:

Վահե Մակարյան

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply