Զարուհի Փոստանջյանը ցավ է ապրում՝ ճանաչելով Հրայր Թովմասյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 14, 2012 16:59
Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց դատական համակարգի անկատարության հարցը՝ հին և թարմ դեպքերի օրինակներով:
«Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ, երբ դատական համակագը չի գործում»,-հարցրեց պատգամավորը:
«Եթե ես հիմա այս ամբիոնից փորձեմ որևէ գնահատական տալ Ձեր նշած դեպքերի վճիռների վերաբերյալ, ապա վաղը բոլոր լրատվամիջոցները կգրեն, որ արդարադատության նախարարը միջամտում է դատական իշխանությանը, ցուցում է տալիս, պաշտպանում է և այլն: Կառավարությունը պատասխանում է այն հարցերին, որոնք իր իրավասության մեջ են, դատական իշխանությունը չի մտնում գործադիր իշխանության մեջ»,-պատասխանեց նախարարը:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա նախարարի խոսքով՝ դա ամենաշատ քննարկված հարցերից է, և ինքը միշտ հայտարարել է՝ կոռուպցիան երկրի համար նույնն է, ինչ օրգանիզմի համար չարորակ ուռուցքը: Միաժամանակ նախարարը հիշեցրեց, որ վերջին տարիներին ոլորտում զգալի դրական տեղաշարժ կա, անգամ օրինակներ բերեց. «Եթե 2-3 տարի առաջ հարցնեիք, թե ինչպես եք իրավաբանական անձ գրանցում, կա՞ն կոռուպցիոն ռիսկեր, թե ոչ, ապա միայն հեքիաթների շարքից կլիներ, եթե ասեինք՝ չկա: Իսկ հիմա դու կարող ես 5 րոպեում, որը համաշխարհային ռեկորդ է, աշխատասենյակից էլ չելնելով, էլեկտրոնային ստորագրությամբ իրավաբանական անձ գրանցվել: Եթե նախկինում վարորդական վկայական ստանալու համար տասնյակ տեղեկանքներ պիտի հավաքագրեիր, որտեղ կոռուպցիոն ռիսկեր կային, ապա դրանց թվաքանակը 20 անգամ նվազել է…»:
Ըստ նախարարի՝ այս շարքը կարելի է երկար շարունակել:
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Գիտեք, Ձեր խոսելուց հետո էնքան ցավ եմ ապրում, որ ձեզ ճանաչում եմ: Լավ կլիներ՝ չճանաչեի: Պետք չի էստեղ արդարանալ, թե սա է արվել, նա է արվել: Եթե սա իրոք քաղցկեղ է և չարորակ է, ապա դրա դեղահաբն այսօր բժշկության մեջ քիմիաթերապիան է: Դրա հաբերը տրամադրեք ժողովրդին, որպեսզի մարդիկ իրոք բուժվեն, համակարգը բուժվի, և մեր քաղաքացին ստիպված չլինի լքել հայրենիքը և արդարադատություն փնտրի այլ տեղ»:
«Քիմիաթերապիայից բացի կա նաև ֆիզիոթերապիա, վիրահատական միջամտություն»,-հավելեց նախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
