Վաղը Հայաստանում և Արցախում կանցկացվի «Ռուսական արջուկ» միջազգային մրցույթը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2012 16:13

Նոյեմբերի 15-ին Հայաստանում և Արցախում կանցկացվի «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթը, որն արդեն երրորդ տարին է, ինչ պաշտոնապես անցկացվում է մեր երկրում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով` ի թիվս միջազգային այլ մրցույթների։

Մրցույթին մասնակցում են 295 դպրոց Հայաստանից և 13 դպրոց Արցախից, մասնակիցների ընդհանուր թիվը` 2-11-րդ դասարանների 8000 աշակերտ:

Հայ դպրոցականները ամեն տարի սիրով ու ոգևորությամբ մասնակցում են տարբեր առարկաներից անցկացվող միջազգային զանգվածային մրցույթների։

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթը «Կենգուրու. մաթեմատիկա բոլորի համար» միջազգային հայտնի ու սիրված մրցույթի «կրտսեր եղբայրն» է: Մրցույթի գլխավոր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքը և հարստությունը: Այն առաջին անգամ անցկացվել է 2000 թվականին Ռուսաստանում՝ 64 000 դպրոցականների մասնակցությամբ: Արդեն 2010թ.-ին «Ռուսական արջուկ»-ին մասնակցել է 2,8 միլիոն երեխա Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Իսրայելից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Անգլիայից և այլ երկրներից։ Մրցույթը բոլոր երկրներում անցկացվում է նույն օրը՝ նոյեմբերի 15-ին:

Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2009-ին` փորձնական ձևաչափում, ապա 2010-ին և 2011-ին՝ արդեն պաշտոնապես։ Այս տարի արդեն երրորդ տարին է, ինչ մրցույթը պաշտոնապես անցկացվում է Հայաստանում և ԼՂՀ-ում (8000 աշակերտ):

 

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply