Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 14, 2012 16:09

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը: Տասնյակ տարիներ անխնամ ու անհրապույր բակային տարծքն այսօր բնակիչների առջև իր դռներն է բացել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու մանուկների համար խաղահրապարակներով կահավորված: Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին և Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությանը բակը բարեկարգելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունն ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ևս մեկ բակ հանձնեցինք մեր երեխաներին ու բնակիչներին: Այս բակի կառուցման հիմնական ներդրողը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն է: Մենք ևս մեկ անգամ փաստում են, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը բերում է նմանատիպ արդյունքների, ինչպես մեր բնակչության, այնպես էլ Երևան քաղաքի բարեկարգման համար: Այս ընկերությունից բացի մենք ունենք մի շարք գործընկեր կազմակերպություններ, որոնք ևս հայտ են ներկայացրել նման ներդումներ իրականացնելու համար և վստահ եմ, որ հաջորդ տարիների ընթացքում գործընկերների թիվը կընդլայնվի:»,-նշել է քաղաքապետը:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն իր հերթին նշել է, որ համայնքների զարգացումը ընկերության առաջնահերթ ուղղություններից մեկն է և որ այս խաղահրապարակի բացումը դրա վառ օրինակներից մեկն է. «Երեխաների առողջ ապրելակերպը և ֆիզիկական զարգացումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առաջնայնություններից է և մեր հաջողված համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ կլինի շարունակական ու կընդգրկի այլ ոլորտներ ևս»,-նշել է Գագիկ Դանիելյանը:

Բակի հանդիսավոր բացման արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գործարանի տարածքով, այցելել արտադրամաս և պահեստ: Ընկերության տնօրենը քաղաքապետին է ներկայացրել ըմպելիքների արտադրման գործընթացը, ինչպես  նաև ընկերության նոր՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, հոսքագիծը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply