Բագրատյանը տորթի, բյուջեի ու իր դիտողությունների մասին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 14, 2012 16:07
«Որպեսզի իմանանք, թե տորթը ինչպես ենք բաժանում, պետք է իմանանք, թե ինչքան է տորթի մեծությունը»,-խոսելով բյուջեի նախագծի մասին ու կրկին քննադատելով այն` ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Այնուհետև Բագրատյանը խոսեց այն մասին, որ բյուջեի եկամուտները չեն քննարկվել. «2013 թվականի պետական բյուջեի ամբողջ քննարկումները հակասահմանադրական են, բյուջեի եկամուտները չեն քննարկվել»:
Ըստ Բագրատյանի` կառավարությունը թռուցիկ ներկայացրել է եկամուտները, իսկ Ազգային ժողովում, դժբախտաբար, իրենք սխալ օրակարգ են ընդունել հանձնաժողովի կողմից և քննարկել են ծախսերն առանց եկամուտների և վերջում նոր թռուցիկ անդրադարձել են եկամուտներին:
Չփորձե’ք ինձ համոզել, որ կարելի է սկզբից քննարկել ծախսերը, հետո՝ եկամուտները: Ազգային ժողովում տեղի չի ունեցել բյուջեի եկամուտների քննարկում այն ձևով, ինչպես քննարկվել են ծախսերը՝ ճյուղ առ ճյուղ»,-ընգծեց Բագրատյանը:
Շարունակելով իր դիտողությունները՝ Բագրատյանը նշեց, որ իրենք արել են 40 կոնկրետ դիտողություն. «Ցույց էինք տվել աղբյուրները, ցույց էինք տվել նաև ծախսերի փոփոխությունը՝ կախված աղբյուրներից, սակայն մենք պատասխան չենք ստացել, և այդպես չի կարելի վերաբերվել մեզ»,-նշեց Բագրատյանը:
Բագրատյանը դեռ շատ կխոսեր և դիտողություններ կաներ` մեջբերելով մի շարք տնտեսագիտական հաշվարկներ, սակայն ժամանակը լրացավ և կրկին Բագրատյանի խոսքն ընդհատեց «չարաբաստիկ» ազդանշանը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
