Անօթևանների հերթացուցակում դատական վճիռներով հաշվառված տասնյակ ընտանիքներ բնակարաններ չեն ստանա (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2012 9:23

Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում կան հաշվառված տասնյակ ընտանիքներ, ովքեր թեև երկրաշարժի պահին բնակարանատերեր չեն եղել, սակայն հետագա տարիներին դատական վճիռներով ճանաչվել են անօթևաններ և հաշվառվել են բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Այդ ընտանիքները երկրաշարժի պահին հիմնականում ապրել են վարձով կամ որևէ ազգականի տանը, իսկ նրանցից շատերը իրենց աշխատանքի վայրերից ակնկալել են բնակարաններ:

2008թ.-ից աղետի գոտում ընթացող բնակբաշխման գործընթացը ղեկավարող հանձնաժողովի կողմից, դատական վճիռներով հաշվառված բազմաթիվ ընտանիքներ շահառուներ չճանաչվեցին: Հիմնականում այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել կամ բնակարան կորցնելու մասին փաստաթղթային ապացույցներ չեն կարողացել ներկայացնել: Նշենք, որ դատարանները, թեև վճիռներ էին կայացրել այդ ընտանիքերին անօթևան ճանաչելու և հաշվառելու մասին, սակայն նույն վճիռներով պատկան մարմիններին չեն պարտադրել բնակարաններով ապահովել: Դատական վճիռներով անօթևանների հերթացուցակում հաշվառված բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում և անհայտ է, թե նրանք երբևէ բնակարաններ ունենալու են, թե ոչ:

«Շիրակ կենտրոնը» օգնություն ցուցաբերելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելեց քաղաքի կենտրոնական մասի տնակային ավաններից մեկում, իր երեք երեխաների հետ բնակվող, բնակբաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ բնակարան ստանալու իրավունքից զրկված Ռիտա Բադոյանի ընտանիքին: Մեր այցելության ընթացքում Ռիտան ներկայացրեց նաև իր ձեռքով պատրաստած կահույքը, ապա պատմեց տնակային ավանի բնակիչների կյանքի որոշակի առանձնահատկությունների և առհասարակ ավանում տիրող մի շարք վարք ու բարքի մասին:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply