Էդուարդ Շարմազանովի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 21:33

Ներկայիս ընտրական օրենսգրքի համահեղինակներ են «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ մեծամասնական ընտրակարգի թերությունների եւ արատների վերաբերյալ:

«Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց Երկիր կուսակցությունների հետ ենք համահեղինակել եւ ընդունել այդ ընտրական օրենսգիրքը, որից հետո անցկացրել ենք Հայաստանի նորագույն պատմության լավագույն ընտրությունները: Հետեւությունն այն է, որ եթե այսպիսի ընտրական օրենսգրքով, այսպիսի համամասնական եւ մեծամասնական հարաբերակցությամբ անցկացրել ենք այսպիսի լավ ընտրություններ, ապա ֆեոդալական կալվածատերերի մասին դատողությունները, իբր մեծամասնական ընտրակարգը ժողովրդավարության խոչընդոտ է, իրատեսական չէ»,- ասաց Է. Շարմազանովը: Նա օրինակ բերեց Հունգարիային, որն ունի խորհրդարանական կառավարում, բայց այդ երկրի վարչապետը հանցավոր գործարք է կնքել Ադրբեջանի հետ՝ Սաֆարովին արտահանձնելով: Իսկ նախագահական կառավարում եւ մեծամասնական ընտրակարգ ունեցող ԱՄՆ-ը զարգանում է ժողովրդավարության ուղիով: «Կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը»,- ասաց Է. Շարմազանովը:

Ռ. Քոչարյանի՝ «խելամիտների» վերաբերյալ ակնարկին էլ Է. Շարմազանովն ասաց հետեւյալը. «Ես չգիտեմ խելամիտներ ասելով՝ ում նկատի ուներ: Ես անձամբ իմ հայտարարությունների մեջ շատ զգույշ եմ եղել, ու ոչ մեկի անունը չեմ տվել: Բազմիցս ասել եմ, որ լրատվամիջոցներում շրջանառվող անունները սխալ են, լրատվամիջոցները սխալ ուղղությամբ են հասցեատերերին փնտրում: Ես պլատոնական սիրախաղի մասնակիցների մասին եմ խոսել»,- ասաց Է. Շարմազանովը՝ հրաժարվելով ավելի բացել փակագծերը, թե ում նկատի ուներ «պլատոնական սիրախաղ» նշելով:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply