(ԱՆ)ՈՒՂՂԱԿԻ ՎՏԱՆԳՆԵՐ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 13, 2012 20:29

Տեր Զորի նահատակաց մատուռի կրած վնասների երեւույթը որոշ հարցականների տեղիք է տալիս։ Սիրիայի տագնապի առաջին օրից սիրիահայ եւ ընդհանրապես հայկական երեւույթների հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող պատահարները թիրախավորված լինելու հավանականությունների մասին մտավախություններ էին առաջացրել։ Դրանց շարքում` Տեր Զորի հայկական կենտրոնները բնականաբար այդ մտավախության առանցքն էին կազմում, մանավանդ նկատի ունենալով դրանց խորհրդանշական բնույթը, փաստացի՝ վկայարանի հանգամանքը, ինչպես նաեւ քաղաքական առումով հայկական Օսվենցիումը, կամ՝ ինչպես բնութագրել է Հայաստանի հանրապետության նախագահը` Օսվենցիումը համարելով հրեական Տեր Զորը: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին այս ուղղությամբ Տեր Զորի միջազգայնացման առաջադրանքը իբրեւ անհրաժեշտություն հետզհետե ինքնին զգալի էր դառնում:
Սիրիայի իրադարձություններին մեր հակառակորդների աշխույժ ներգրավվածությունը, սակայն, այս մտավախություններ բազմապատկում են։ Մինչև այժմ գործողությունների ուղղակիությունը հստակորեն տեսանելի չէին, այսուհանդերձ, տարբեր բեմագրությունների եւ հավանականությունների կանխատեսումները ամեն մակարդակի վրա ընդգծում են պատրաստվածության անհրաժեշտությունը։
Անկարայի ուղղակի առնչությունը Սիրիայի սահմանամերձ հատվածում անվտանգության գոտի ձեւավորելու պահանջի կրկնության եւ ներսիրիական հակամարտությանը տարբեր բնույթի օժանդակություններով հագեցած մասնակցության վրա ավելանալու է գալիս ադրբեջանական երեւույթը: Վերջերս շրջանառության մեջ դրված լրատվությունը, համաձայն որի տարտամ կերպով նշվում էր Սիրիայում ադրբեջանցի զինյալների ներկայության մասին, առավել մասնակիացավ, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հալեպի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվածների շարքում են չորս ադրբեջանցիներ եւ մի թուրք: Ըստ համացանցում շրջանառվող լուրերի՝ ներսիրիական պատերազմի բռնկումից ի վեր Բաքուն և Անկարան համատեղ աշխատանք են տանում Թուրքիայի անմիջական հարևանությամբ գտնվող Իդլիբի շրջանը սիրիացի զինյալ ընդդիմադիրների համար իբրեւ ռազմական գլխավոր հենակետ գործածելու նպատակով: Ադրբեջանցի զինյալները իրենց ռազմական վերապատրաստությունը անցնում են Սիրիայի սահմանամերձ Անտիոքի հատվածում։
Համացանցային այս տեղեկությունները ստուգելու կարիք ունեն: Սպանված ադրբեջանցիների մասին լրատվությանը կցված են նաեւ նրանց անձնագրերի լուսանկարները՝ լրատվության հավաստիությունն ապահովելու նպատակով: Մինչ այժմ ադրբեջանական որեւէ հերքում չի եղել:
Հայկական կողմը` իբրեւ համայնք եւ պետություն, վստահաբար հաշվի է առնում այս հանգամանքները: Հալեպի հարեւանությամբ թուրք եւ ադրբեջանական ռազմական հենակետի այս ընտրությունը, անկախ ներսիրիական ընդհարումներին նշանակալի մասնակցություն բերելուց, աշխարհագրական իր վայրով նաեւ մեզ համար մտածելու առիթ է տալիս։ Հստակն այն է, որ թե՛ Իդլիբը եւ թե՛ Հալեպի մերձակայքում ադրբեջանցիների սպանված լինելը դիպաշարի հետեւողին համոզում են, որ Հալեպ քաղաքի վրա կենտրոնացել են մեր հակառակորդների հայացքները: Եթե, անշուշտ, իրականությանը համապատասխանում են շրջանառության մեջ դրված տեղեկությունները: Չի բացառվում, որ շահագրգիռ մի կողմ ապատեղեկատվություն կատարի այս մասին:

Ոչ միայն ռազմական մակարդակի վրա, այլեւս տեսանելի թափանցվածության այս մակարդակը համայնքի անվտանգության սուր խնդիր է դնում մեր առաջ: Հալեպում Սուրբ Գեւորգ եկեղեցու հրկիզումը կարող է բախումների իբրեւ ոչ ուղղակի արդյունք լինել, դիպուկահարների զոհերի շարքում կարող են ազգությամբ հայեր էլ հայտնվել, ընդհանուր առեւանգվածների շարքում սիրիահայ համայնքի անդամներ տակավին արգելափակված մնալ, հայկական թաղամասերը՝ առանց թիրախ լինելու, մարդկային եւ նյութական վնասների ենթարկվել: Տեր Զորի եկեղեցին անգամ վնասված լինել` շրջակայքում արձանագրվող բախումների հետեւանքով:
Սակայն, թուրքերի ներգրավվածության տարողությունը եւ հիմա էլ ադրբեջանցի զինյալների՝ բախումներին ենթադրյալ աշխուժ մասնակցությունը հայաշատ քաղաքի շրջակայքում, հայկական կողմի համար հակառակորդների հետ առնչված գործընթացներին հետ հաշվի նստելու բազմաթիվ պատճառներ է հուշում: Առաջին հերթին պետության համար, որովհետեւ դիմացը Անկարան է: Այժմ նաեւ Բաքուն:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Դիտվել է 2209 անգամ:
Print Friendly

Leave a Reply